«Հանրային լսումներին մասնակցող գրեթե բոլոր հրավիրյալների ելույթներում «կարմիր թելով» անցնում էր մի բան՝ Մարտի 1-ի հանցագործությունը հավասարապես պահանջում է և՛ քաղաքական, և՛ իրավական գնահատական»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը, որը մասնակցում էր և ելույթ ունեցավ ԱԺ-ում նախօրեին կազմակերպված ««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1»-ի վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» լսումներին։
Նրա խոսքով՝ այս գործով իրավական
գնահատականը թերևս տրվելու է ՀՀ ՔՕ-ում առկա համապատասխան հոդվածների վերաորակումների
միջոցով։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ գործ ունենք մի «բանդայի, կազմակերպված խմբակի
հետ», որն իրեն նույնացրել է պետության հետ, բայց
չի կատարել պետության պոզիտիվ պարատավորությունները՝ ապահովելու խոսքի, հավաքների
ազատությունները, չի ապահովել արդար դատաքննություն և ուզուրպացրել է իշխանությունը,
կատարել է Սահմանադրությամբ արգելված գործողություններ՝ մասնավորապես բանակը ներգրավելով քաղաքական պրոցեսներում։ Սաֆարյանը
կիսում է այն կարծիքը, որ «Մարտի 1-ը», հաշվի
առնելով փաստական այն ահռելի բազան, որն առկա է իրավապահ համակարգում, բացահայտված է։
Քաղաքագետի կարծիքով՝ ՄԻԵԴ վերոհիշյալ
վճռից հետո թերևս պետք է վերաորակվի նախկին նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանվող
Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը։ «Դա նաև ՀՀ գլխավոր դատախազը շեշտեց։ Նա, ըստ էության,
նշեց, որ նախկինում քննված գործը այդ ծավալով պահպանվում է, և, այո, որքան էլ ձևավորված
է նոր քննչական խումբ, և առկա են նոր դրվագներ, նոր հարցաքննություններ են իրականացվում,
այնուամենայնիվ դա լինելու է համալրող հին գործին։ Իսկ այն հանգամանքը, որ Քոչարյանը
և մյուսներն այսօր ազատ շրջում են, անգամ ելումուտ անում երկիր, վկայում է մի բանի
մասին՝ դատական համակարգը չհաջողվեց մաքրել, որոշ դատավորներ տեսանելի ծառայություններ
են մատուցել նրան, այդ թվում՝ ՍԴ-ն»։
Նշենք, որ լսումները բոյկոտել էր «Հայաստան» խմբակցությունն ու դրանք որակել «խայտառակ թատրոն»։ Սաֆարյանը նկատեց՝ ակնկալվում էր, որ հիշյալ խմբակցության փաստացի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի թանկարժեք փաստաբանները ներկա կլինեին լսումներին ու իրենց փաստարկներով կառարկեին ՄԻԵԴ-ին՝ կրկնելով ավելի վաղ արած իրենց պնդումը՝ «Մարտի 1-ի գործը ջուր է»։
Գնահատելով Վաղարշապատում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած
ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ քաղաքագետը շնորհավորեց կառավարող ուժին ու համաձայնեց
այն դիտարկման հետ, որ նախկին իշխանության հովանավորյալ քաղաքական ուժերը շարունակում
են կենսունակ լինել. «Ուրախ եմ, որ ՀՀ-ն իր հասունության հերթական ատեստատն է ստանում
հերթական կարևոր ընտրությունների միջոցով, բայց ուրախ չեմ, որ մենք շարունակաբար, հեղափոխությունից
7 տարի անց դեռևս ունենք նույն կոնֆիգուրացիան՝
նախկին իշխանությունն իրեն այնքան ապահով ու անպատիժ է զգում, որ կարող է հավակնել
երկրում ընդդիմություն լինել»։
Ստյոպա Սաֆարյանի հետ մեր զրույցի
ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան