Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և պատգամավորների հետ շրջայց է ունեցել մարզի մի շարք բնակավայրերում։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
Պատգամավորները սկզբում եղել են Անի համայնքում, համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ պատասխանատուները հանդիպել են անեցիների հետ, լսել նրանց հոգսերը, բարձրացրած հարցերը։
Դիտարկվել են Մարալիկ քաղաքի Հաղթանակի և Ձերժինսկու փողոցներում և Ազատության հրապարակում իրականացված շինարարական աշխատանքները։ Փողոցները նորոգվել են մարզերում հրատապ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում։ ՀՀ Կառավարությունը նորոգման աշխատանքների իրականացման նպատակին հատկացրել է 279 մլն 793 հազար դրամ: Մարզպետն ու պատգամավորները դիտարկել են նաև Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները, սուբվենցիոն այս ծրագրի շրջանակներում իրականացվել են Սառնաղբյուր, Սարակապ, Հայկաձոր բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները ևս։
«Մարզում այս պահին լայնամասշտաբ շինարարություն է իրականացվում, 50 մլրդ դրամի քաղաքաշինական ծրագրեր են ընթացքի մեջ։ Հիմքից 12 դպրոցներ ու կրթօջախներ են կառուցվում՝ շուրջ 20 մլրդ դրամ գումարի շրջանակներում, 28 դպրոցում վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում, որի ընդհանուր գումարայինը 6 մլրդ դրամից ավել է կազմում, դա միայն շինաշխատանքները, առանձին միջոցներ են նախատեսվել գույքային ապահովման, լաբորատոր, համակարգչային լսարանների համար։ Մարզպետի աշխատակազմն այժմ 3 մանկապարտեզի հիմնանորոգման մրցույթ է հայտարարել՝ 2-ը Գյումրիում, 1-ը՝ Սառնաղբյուրում, ընդհանուր արժեքը 200 մլն-ի չափով»,- նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Այցի շրջանակում հաջորդ կանգառը եղել է Փանիկ բնակավայրում, որտեղ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հետ մարզպետն ու պատգամավորները եղել են Փանիկի միջնակարգ դպրոցում։ Դպրոցը վերանորոգվում է Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, այդ նպատակով նախատեսվել է 349 մլն 106 հազար դրամ։ 165 մլն դրամ գումարի շրջանակներում էլ հիմնադրամի պատվիրատվությամբ վերակառուցվում է Փանիկի մանկապարտեզը, որտեղ ևս եղել են պատգամավորները։
Շիրակի մարզպետին ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին հյուրընկալել են նաև Փանիկի հացի թանգարանում, նրանք ծանոթացել են այստեղ ներկայացված ցուցանմուշներին, որոնք 40-50 տարվա հնություն ունեն, թխվել, չորացվել ու մեր օրեր են հասել հատուկ սնդուկներում: Թանգարանում ցուցադրված են նաև հացահատիկի տեսակները, երկրագործական այն գործիքները, որոնցով մշակվել են հացահատիկի տարածքները, և այն, ինչով թխվել է հացը:
Պատասխանատուների հաջորդ կանգառն Ազատան բնակավայրում է եղել, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ Դավիթ Առուշանյանն ու պատգամավորները շրջել են դպրոցի նոր վերանորոգված մասնաշենքում, ծրագրի արժեքը կազմել է 165 մլն 383 հազար դրամ, իսկ բնակավայրի նոր դպրոցական շենքի կառուցման համար պետությունը հատկացրել է շուրջ 1 մլրդ 585 մլն դրամ, աշխատանքներն իրականացվել են Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։

Ազատանում ևս մարզպետն ու պատգամավորները հանդիպել ու զրուցել են բնակիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու բարձրացրած հարցերը, տվել պարզաբանումներ։
Բնակիչների հետ հանդիպում եղել է նաև Վահրամաբերդ բնակավայրում, որից հետո գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները դիտարկել են բնակավայրի դպրոցի վերանորոգման աշխատանքների ընթացքը, որոնց համար պետությունը հատկացրել է 211 մլն 980 հազար դրամ։
Պատասխանատուները եղել են նաև բնակավայրի վերջերս բացված մանկապարտեզում, նախադպրոցական հաստատությունը կառուցվել է պետություն-համայնք համագործակցության արդյունքում՝ սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը կազմել է 97 մլն 38 հազար դրամ, սուբվենցիոն ծրագրով՝ 15 մլն 406 հազար դրամի շրջանակներում, բարեկարգվել է նաև մանկապարտեզի տարածքը։
Շրջայցի ընթացքում ԱԺ պատգամավորները եղել են նաև Մարմաշեն վանական համալիրում։ Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ վանական համալիր տանող ճանապարհը հիմնանորոգվել, և տարածքը բարեկարգվել է: Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 677 մլն դրամ է կազմել։
Մարզպետն ու պատգամավորները Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ եղել են Արեգնադեմ բնակավայրում, որտեղ արդեն շահագործման է հանձնվել դպրոցը, որը կառուցվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, շինաշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է 747 մլն 567 հազար դրամ։
Այնուհետև հյուրերը եղել են Աշոցք համայնքում, համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ հանդիպել բնակիչների հետ, նաև դիտարկել կենտրոնական հրապարակի, Աշոցք բնակավայրի 1-ին փողոց 1-ին անցուղու և հինգ բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Այցելություն է եղել Աշոցքի դպրոց, որը վերանորոգվում է Կառավարության տրամադրած 98 մլն 680 հազար դրամ գումարի շրջանակներում։
Գյումրիում պատասխանատուները այցելել են թիվ 19 հիմնական դպրոց, որի վերանորոգմանը պետական միջոցներից հատկացվել է 383 մլն 400 հազար դրամ, աշխատանքներն ընթացքի մեջ են։