Արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող Firebird ստարտափը ստացել է Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության հավանությունը: Դա թույլ կտա կյանքի կոչել Հայաստանում գերհամակարգչի ստեղծման նախագիծը, որը արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման գլոբալ նախաձեռնության մասն է: Այս մասին գրում է Bloomberg-ը:
«Ջանքերը, որոնց մասին Nvidia-ն հայտարարել էր դեռ հունիսին, թույլ կտան ստեղծել տարածաշրջանում ԱԲ տվյալների մշակման առաջին խոշորամասշտաբ կենտրոնը: 100 մեգավատ հզորությամբ օբյեկտը, որի սկզբնական ներդրումների ծավալը կկազմի 500 մլն ԱՄՆ դոլար, օգտագործելու է Dell Technologies ընկերության ԱԲ սերվերներ ու Nvidia-ի Blackwell պրոցեսորներ: Առաջին փուլի մեկնարկը նախատեսված է հաջորդ տարվա երկրորդ եռամսյակին: Այս մասին հայտնել է Firebird-ի համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը», - գրում է Bloomberg-ը:
Firebird-ի հզորությունների մոտ 20 տոկոսն օգտագործելու են հայաստանյան ընկերությունները, մնացած 80 տոկոսը կվաճառվեն տարածաշրջանում բիզնես վարող ամերիկյան ընկերություններին: Առաջին փուլը ֆինանսավորելու է Firebird-ի ներգրաված փոխառված միջոցների ու բաժնետիրական կապիտալի հաշվին: Հովակիմյանը հայտնել է, որ ընկերությանն աջակցում է նաև Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
Firebird-ը Nvidia-ի բազմաթիվ գործընկերներից է, որոնք ձգտում են տվյալների մշակման հզոր կենտրոններ ստեղծել այլ տարածաշրջաններում: Միացյալ Նահանգների կառավարության հաստատումը տեղի է ունեցել ԱԲ առաջադեմ չիպերի արտահանման սահմանափակումների թուլացման ֆոնին: