ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ֆինանսների և մրցակցության հարցերով առաքելության ներկայացուցիչներին՝ ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ավագ տնօրեն Նարինե Թադևոսյանի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
Իր խոսքում նախարարի տեղակալը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններն ու ոլորտի առաջնահերթությունները, իրականացված օրենսդրական բարեփոխումներն ու ընթացիկ ծրագրերը։
Նա ընդգծել է Հայաստանի դերը համաշխարհային բարձր տեխնոլոգիական էկոհամակարգում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման հեռանկարներին։ Առանձնացրել է պետական աջակցության առաջնահերթությունները` հատկապես գիտահետազոտական (R&D) ոլորտին տրամադրվող արտոնությունները։
Ռուբեն Սիմոնյանն անդրադարձ է կատարել նաև Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող նախագծերին՝ ընդգծելով համագործակցության ընդլայնման և նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորել են Ինժեներական քաղաք նախաձեռնության ռազմավարական նշանակությունը:
Հայաստանում ՀԲ գրասենյակի ծրագրերի ավագ տնօրենն իր հերթին խոսել է Համաշխարհային բանկի հիմնական ծրագրերի և դրանցում Հայաստանի ներգրավման հնարավորությունների մասին։
Քննարկվել են նաև ներդրումային միջավայրի բարելավման, նորարարության ու ձեռներեցության խթանման, ինչպես նաև մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները։
Այս համատեքստում կարևորվել են նոր աշխատատեղերի խրախուսման ճանապարհով ոլորտում ներգրավված աշխատակիցների քանակի ավելացման և մասնագիտական կարողությունների բարձրացմանը միտված քաղաքականության, ինչպես նաև հետազոտությունների և մշակումների (R&D) ուղղության զարգացման հետ կապված հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ ծրագրերի շուրջ շարունակական համագործակցությունն ամրապնդելու և ԲՏԱ ոլորտում Համաշխարհային բանկի մասնակցության շրջանակն ընդլայնելու պատրաստակամությունը։