Ռուստամ Բաքոյանի և դեսպան Սունդքվիսթի հանդիպմանը կարևորվել է Հայաստան-Շվեդիա հարաբերությունների խորացումը

Հայաստան-Շվեդիա հարաբերությունները հիմնված են փոխվստահության, հարգանքի և երկու երկրների միջև ձևավորված ամուր գործընկերային հարաբերությունների վրա. hատկապես 2018 թվականից հետո Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղիով զարգանալու ճանապարհը:


Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիսթի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին, որին մասնակցել են նաև հանձնաժողովի անդամներ Էսթեր Այվազյանն ու Մարինա Ղազարյանը:


Ռուստամ Բաքոյանը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական ծառայության մեկնարկի կապակցությամբ և հաջողություններ մաղթել՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման: Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է Շվեդիայի հետ խորհրդարանական կապերի ամրապնդումը:


Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և շնորհավորանքի համար՝ դեսպանը եւս ընդգծել է Շվեդիայի և Հայաստանի միջև հարաբերություների հետագա խորացման կարևորությունը: Նա նշել է, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Շվեդիայի կառավարության համար առաջնահերթություն են:


Քննարկման առանցքում խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերն էին:


Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի շրջանակում քննարկված և ընդունված, ինչպես նաև մշակման փուլում գտնվող և շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնություններին, անցկացված աշխատանքային քննարկումներին, խորհրդարանական լսումներին, որոնք վերաբերում են ազգային փոքրամասնություններին, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը, խտրականության դեմ պայքարին, շրջակա միջավայրի պահպանությանը, հանրային աղմուկի կարգավորմանը: Նշված աշխատանքների իրականացմանը մեծապես աջակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, որի հետ հանձնաժողովն ակտիվ և շարունակական աշխատանքներ է տանում:


Դեսպանի խնդրանքով Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ-ի հետ իրականացվող աշխատանքները:


Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին, փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցերի:


Հանձնաժողովի անդամներ Էսթեր Այվազյանն ու Մարինա Ղազարյանը եւս կարևորել են միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում: