Վաշինգտոնի համաձայնությունները կընդլայնեն հնարավորությունները Վրաստանի համար. Վահան Կոստանյան

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո ապաշրջափակում է նախատեսվում ոչ միայն երկու երկրների միջև, այլ նաև ստեղծվելու են նոր հնարավորություններ Վրաստանի համար։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Վրաստան այցելած՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ամփոփելով Թբիլիսիում կայացած հանդիպումները։


Կոստանյանի խոսքով՝ Հայաստանը և Վրաստանը մշտապես բաց ձևաչափով քննարկում են իրենց հուզող թեմաները։


«Հայաստանն ու Վրաստանը մշտապես շատ բաց շփումներ են ունենում երկուստեք հուզող հարցերի շուրջ։ Խոսում ենք նաև, բնականաբար, տարածաշրջանային համագործակցության մասին, որովհետև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո, ըստ էության, ապաշրջափակում է տեղի ունենալու ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև դա նոր հնարավորություններ է բացելու բարեկամ Վրաստանի համար»,– ընդգծեց նա՝ հավելելով, որ այցի ընթացքում նախագահը նույնպես անդրադարձել է այս հարցերին։


Նրա խոսքով՝ Հայաստան–Վրաստան համագործակցությունը տարբեր ոլորտներում շարունակվում է ակտիվ։


«Վերջին 1-2 ամիսների ընթացքում ունեցել ենք վարչապետի այցը, օրեր առաջ արտաքին գործերի նախարարը Թբիլիսիում էր, Արդարադատության նախարարը ևս այստեղ էր, իսկ հաջորդ շաբաթ սպասվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի այցը։ Շփումները շարունակվում են նաև հեռավար ձևաչափով»,– նշել է փոխնախարարը։


Նշվում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, որի վերաբերյալ երկու երկրների ղեկավարներն արդեն հայտարարել են խաղաղության հաստատման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ անցկացված գագաթնաժողովի արդյունքում կողմերը ստորագրել են հռչակագիր։