Civilnet.am-ին. Թափանցիկ ձևանալը դեռ թափանցիկ լինել չէ, չեզոք ձևանալն էլ դեռ չեզոքություն չէ

Տևական ժամանակ է, ինչ Civilnet.am-ն ու նրա լրագրողները լրջորեն փորձում են խնդիրներ գտնել Civic.am-ի և «Քաղաքացիական պայմանագրի» «կապի» մեջ։ Այնինչ ամեն ինչ առավել քան հստակ է. Civic.am-ը ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, գտնվում է կուսակցության գլխամասային գրասենյակի հետ նույն մասնաշենքում, ֆինանսավորվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։


Հիմա Civilnet.am-ը հարց է բարձրացնում՝ որքա՞ն շահույթ է ստացել «Քաղաքացիական պայմանագիրը» Civic-ից։ Պատասխանենք՝ 0 լումա։ Չգիտենք, իհարկե, թե ինչո՞վ են զբաղվում Վարդան Օսկանյանի պատրոնաժի տակ աշխատող ֆակտ-չեքերները Civilnet-ում, բայց մեր կայքն ու սոցցանցերն ուսումնասիրելիս կարելի է հստակ տեսնել, որ Civic.am-ը (քաղաքական շահարկումներից խուսափելու համար) գովազդներ չի տեղադրում և հետևաբար եկամուտ չունի, որ այդ եկամուտից մի բան էլ «Քաղաքացիական պայմանագիրը» դիվիդենդներ ստանա։ Այ այսքան պարզ մի պատասխան այդքան բարդ մի հարցի։


Բայց քանի որ Civilnet-ը մեր հարցումը ինքը տեղափոխեց հանրային դաշտ, երևի թե ճիշտ կլինի այս երկխոսությունը հրապարակային շարունակենք։


Civilnet-ի հարգարժան խմբագրությունն ասում է. «Վարդան Օսկանյանը Civilnet-ի խմբագրական քաղաքականության վրա որևէ ազդեցություն չունի»։ Civilnet-ի կայքում «Վարդան Օսկանյան» անունը փնտրելիս ցույց է տալիս 638 արդյունք, սրանց մոտ կեսը ուսումնասիրելիս տեսնում ենք, որ դրանց գրեթե 100%-ը Վարդան Օսկանյանի ցածրակարգ վերլուծություններն են՝ վիդեո կամ տեքստային տարբերակով, դե իսկ Վարդան Օսկանյանին քննադատական կամ բացասական լույսի տակ ներկայացնող հոդված այդպես էլ չգտանք։ Չնայած գուցե 1-2-ը այնուամենայնիվ լինեն, բայց հստակ է՝ լրատվականը ամբողջ թափով առաջ է տանում Օսկանյանի ցածրակարգ վերլուծությունները և չի լուսաբանում դրանց հակադարձումները։


Լավ, համարենք սա Civilnet-ի «անկախության» դրսևորում։ Անկախ խմբագրությունը անկախ կերպով որոշել է, որ իրենց ֆինանսավորող հիմնադրամի տնօրեն քաղաքական գործիչը պիտի իրենց կայքում միայն դրական լույսի ներքո լուսաբանվի։ Հնարավո՞ր է։ Իհարկե։


Այստեղ առաջ է գալիս խմբագրության հետ կապված մյուս հարցը՝ Օսկանյանի կնոջ կողմից դիլիջանցի երեխաներից խլած և 19 !! տարի դատարկ թողած մանկապարտեզը, որի մասին Civilnet-ը նույնիսկ առանձին հոդված չունի, միայն մի ծավալուն հոդվածում 1-2 պարբերություն մեջբերում է արել վարչապետի և գլխավոր դատախազի խոսքից։ Ու սա այն Civilnet-ը, որն ամենուր և ամեն ժամ կոռուպցիա է փնտրում (ինչը ողջունում ենք), բայց խմբագրությունը որոշել է, որ նախկին արտգործնախարարի կնոջ կողմից մի ամբողջ մանկապարտեզ իրենով անելը ու երեխաներին 19 տարի առանց մանկապարտեզի թողնելը նույնիսկ մի հոդվածի արժանի չի։


Գուցե գտնվեն էնտուզիաստներ, որ սա էլ վերագրեն խմբագրական անկախությանը։ Ասեն՝ անկախ խմբագրությունը անկախաբար քննարկել և որոշել է, որ Վարդան Օսկանյանի կնոջ մանկապարտեզային արշավանքները հանրության համար արժեք չեն ներկայացնում։ Հնարավոր չէ՞։ Հնարավոր է։

 

Բայց վերադառնալով իրականություն. Civilnet.am-ի հարգելի գործընկերներ, դուք լայն իմաստով «կուսակցական մամուլ» եք։ Դուք աջակցում/սատարում/առաջ եք մղում կոնկրետ քաղաքական գործչի։ Դուք որոշակի կողմնապահություն եք անում այդ գործչի հետ կապված բացասական երևույթները լուսաբանելու տեսանկյունից, բայց ձեզ ներկայացնում եք որպես «անկախ, ազատ, անկողմնակալ» լրատվական և ձեզ թույլ եք տալիս «խմբագրական անկախության» մասին խոսել, այն էլ՝ ուսուցողական տոնով։


Սիրելի Civilnet.am, իրական անկախությունը ճշմարտությունն առանց վախենալու ու քաշվելու ասելու կարողությունն է։

 

Սիրով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Civic.am կայքի խմբագրություն