Ուկրաինական կարգավորման ամերիկյան պլանի վտանգը միայն Ուկրաինայի մասին չէ. Բաբաջանյան

Ուկրաինական կարգավորման ամերիկյան պլանի վտանգը միայն Ուկրաինայի մասին չէ։ Եթե աշխարհում սկսի գործել ոչ թե իրավունքի ուժը, այլ ուժի «իրավունքը», առաջինը դրա գինը վճարելու են փոքր, խոցելի պետությունները՝ այդ թվում Հայաստանը։


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Թրամփի՝ Ուկրաինային առաջարկած 28 կետանոց նոր խաղաղության նախագծին:


«Ալմաթիի հռչակագիրն ասում էր շատ պարզ բան․ ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են միջազգային սահմաններ և չեն կարող փոխվել ուժի կիրառմամբ։ Ամերիկյան պլանը հաշտություն է առաջարկում ոչ թե միջազգային իրավունքի, այլ արդեն կատարված բռնագրավման փաստի հետ։ Պատերազմով փոխված սահմանը դառնում է «խաղաղ կարգավորման» հիմք։ Եթե այս պլանն ընդունում է ուժով զավթված տարածքների պահպանումը, էլ ուր մնաց տարածքային ամբողջականության սկզբունքը։


Այդ պահից Ալմաթիի հռչակագիրն իրականում դադարում է ինչ-որ բան նշանակել․ եթե կարելի է ուժով փոխել երկրի սահմանները և հետո դա ձևակերպել որպես «խաղաղություն», նույն նախադեպը սկսելու է տարածվել և կիրառվել ամբողջ հետխորհուրդային տարածքի համար։


Պարզ ասած՝ եթե մի անգամ ուժով վերցրածը միջազգային հանրությունը «օրինականացնի», այլևս լրջորեն չես կարող ասել, թե որևէ հռչակագիր ինչ-որ բան է երաշխավորում՝ ոչ Ուկրաինայի, ոչ Հայաստանի, ոչ էլ որևէ այլ փոքր երկրի համար»,- գրել է Բաբաջանյանը։