Մեր նպատակն է, որ ՀՀ-ն գոյություն ունենա 50 տարի, 100, 150, 500, 1000 և դրանից անդին. Նիկոլ Փաշինյան

Պետության հանրային ընկալումը մեծապես կախված է պետական մարմինների աշխատողների հանրային ընկալումից. հենց մեր միջոցով է քաղաքացին հարաբերվում իր պետության հետ, և պետության հետ իր հարաբերությունները մեզնից յուրաքանչյուրի հետ իր հարաբերություններն են, մեր հավաքականության հետ իր հարաբերությունները։ Այս համատեքստում պետական բոլոր մարմինների բոլոր աշխատողները համքարություն են։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին  «Պետության հարատևության բանաձևը» ելույթի ընթացքում։



«Իշխանությունների տարանջատման սկզբունքով հանդերձ՝ պետական մարմինների աշխատողները փոխկապակցված են հավաքական պատասխանատվությամբ, և նրանց հավաքական աշխատանքը կանխորոշում է պետության որակը, պետության քաղաքացիների և բնակչության կյանքի որակը, պետության և քաղաքացու հարաբերությունների որակը․․․ Ո՞րն է ՀՀ պետական մարմինների աշխատանքի մակրոնպատակը, որի հետ պետք է առնչակցել, որի նկատմամբ պետք է կարգաբերել ամեն օրվա միկրոգործողությունները։ Այդ մակրոնպատակը ՀՀ-ի հարատևությունն ապահովելն է, մեր նպատակն է, որ մեր պետությունը՝ ՀՀ-ն, որպես այդպիսին, գոյություն ունենա 50 տարի, 100 տարի, 150 տարի, 500 տարի, 1000 տարի և դրանից անդին:



Լեգիտիմությունը պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը՝ սա վերաբերում է թե՛ ներքին, թե՛ արտաքին հարաբերություններին»,- իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետը։: