ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 2024 թվականի հոկտեմբերի 20-ին Հրազդանի կիրճում օտարերկրյա քաղաքացուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ.Ե.-ն Հրազդանի կիրճում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող կտրող–ծակող առարկայի գործադրմամբ հարվածել է օտարերկրյա քաղաքացուն՝ վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք:
Հ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
Վերջինս կալանավորված է:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում: