ՀԷՑ-ում թերգրանցումների գործերով մեկուկես տասնյակ վարույթ է նախաձեռնվել. Ռոմանոս Պետրոսյան

Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ հայտնել է, որ մի շարք դեպքերում արևային կայաններից ինքնավար էլեկտրաարտադրողների արտադրած էներգիան թերգրանցվել է։ 



Պետրոսյանի խոսքով՝ արտադրողները ցանց էին մղում ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա, քան հաշվարկվում և վճարվում էր։



ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը նաև նշել է, որ հատկապես պետական և համայնքային կազմակերպություններն էին մեծ բաժին կազմում այն խմբում, որոնց նկատմամբ իրականացվել են հավելագրումներ։ Նա հավելել է, որ վերջին օրերին այս փաստերով տեղի են ունեցել կալանավորումներ։



Նրա խոսքով՝ ներկայումս նախաձեռնվել է մեկ ու կես տասնյակից ավելի քրեական վարույթ։ Պետրոսյանը ընդգծել է, որ ցանցերից մեկում կալանավորվել է տեսուչ, որը համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվիչից իրականացրել էր մեկ միլիոնից ավելի կՎտժ էլեկտրաէներգիայի հավելագրում։