Հիբրիդային գործիքակազմ է կիրառվում
երկրում իշխանություն փոխելու առումով։ «Մեր ձևով» շարժման կողմից փորձ է արվում սոցիալական
ուղղվածություն ունեցող պոպուլիստական հայտարարություններ անել։ Այս մասին
Civic.am-ի տաղավարում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ
Ջուլհակյանը։
Նա հիշեցրեց, որ որքան էլ Նարեկ
Կարապետյանը հայտարարում է, թե իրենք կապ չունեն նախկին իշխանությունների հետ, միևնույն
է՝ բոլորը հիշում են, որ նրա հայրը Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում եղել
է նախագահի աշխատակազմի ղեկավար, նաև ՀՀԿ խմբակցության ղեկավարը ԱԺ-ում, իսկ Սամվել
Կարապետյանը վճարել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը։
Էլեկտրաէներգիայի սակագնի՝ ընտրություններից
հետո թանկացման մասին խոսակցություններին անդրադառնալով՝ Ջուլհակյանն ասաց, որ դա չի
համապատասխանում իրականությանը, մերկապարանոց հայտարարություններ են, իսկ ուսումնասիրությունները
ցույց կտան՝ հնարավո՞ր է իջեցնել սակագինը, թե՞ ոչ։
Պատգամավորն ասաց, որ պատրաստվում
է նախաձեռնել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրակարգ, որպեսզի կարգավորվի քաղաքականությամբ
զբաղվող, բայց կուսակցության փոխարեն տարբեր նախաձեռնություններ ստեղծած մարդկանց ու
խմբերի գործունեությունը, այսպիսով հավասար և թափանցիկ դաշտ ստեղծվի կուսակցությունների
ու այսօրինակ նախաձեռնությունների գործունեության համար։
«Մենք չենք կարող թույլ տալ,
որ ժողովրդավարական հասարակություններում նման օրենսդրական բացի պատճառով անհասկանալի
ծագման ֆինանսներով քաղաքական գործունեություն իրականացվի որոշ մարդկանց կողմից»,-
ասաց Ջուլհակյանը։
Անդրադառնալով ՔՊ ընտրողներին
վիրավորողներին, կեղծ լուրերին ու հիբրիդային գործիքներին՝ պատգամավորն ասաց. «Տպավորություն
է, որ ամբողջ բանակն է ոտքի հանվել՝ կարծես պատրաստվելիս լինեն վերջին ճակատամարտի։
Նույնիսկ ոտքի են հանել նրանց, ովքեր խնամքով քողարկվում էին արևմտամետի, նիկոլականների
անվան տակ։ Մինչև ընտրություններ այդ մարտերը, հիբրիդային հարձակումները, բնականաբար,
ավելի են սաստկանալու»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վոլոդյա Հակոբյան