Քննարկվել և դրական եզրակացություն է ստացել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը

Հայաստանի Հանրապետությունում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ չունեն: Բաց է տնային, թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված համալիր և ամբողջական կարգավորումների դաշտը: Այս մասին ասել է պատգամավոր Մերի Գալստյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 26-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր և պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հեղինակած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:


Օրենքի նախագծով  սահմանվում են ՀՀ տարածքում տնային և թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:


Մերի Գալստյանի տեղեկացմամբ՝  առաջարկվող կարգավորումները չեն  տարածվելու  գյուղատնտեսական, որսի, ինչպես նաև մարդու կենսագործունեության վրա վնասակար ազդեցություն ունեցող կենդանիների  հետ կապված իրավահարաբերությունների վրա: Նշվել է, որ նախագծերի մշակման փուլում հեղինակներն  ուսումնասիրել են շուրջ 20 երկրի ոլորտային փորձը: Տեղի են ունեցել քննարկումներ կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների,  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, կենդանասերների, պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:


Փաթեթի առանձին կարգավորումներ վերաբերում են թափառող կենդանիների, մասնավորապես` շների հետ կապված հիմնախնդրի լուծմանը: Մասնավորապես, նախատեսվում է 3 մարզկենտրոնում կառուցել կենդանիների կացարան` վայր, որտեղ կերակրվելու, բուժվելու կամ պահվելու են թափառող, կորած կամ լքված կենդանիները, ինչպես նաև  ժամանակավոր պահման և կերակրման հանձնված կենդանիները:


Պատասխանատվություն է նախատեսվում կենդանիներին լքելու համար:


Նախագծերի ընդունման և կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան և անպատասխանատու գործողությունները և ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը:


Մտքերի փոխանակության ընթացքում հեղինակները պատասխանել են պատգամավորների հարցերին:


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:


Գործադիր մարմինը ներկայացրել էր մի խումբ առաջարկներ, որոնք  հեղինակներն ընդունել են:


Օրենսդրական փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: