Գագիկ Բեգլարյանի, ևս 6 անձի՝ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական գործը դատարան է ուղարկվել

ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել ապօրինի գույքի բռնագանձման պահանջի մասին հերթական գործը։ Civic.am-ը այս մասին տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Սույն գործով պատասխանողներն են  Տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, Կենտրոնի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը,  ինչպես նաև նրան փոխկապակցված անձինք՝ Հրանտ Գագիկի Բեգլարյանը,  Անահիտ Արաիկի Ասոյանը, Արկադյա Հայկարամի Մկոյանը, Համիկ Հայկարամի Մկոյանը, Հասմիկ Գրիգորի Մինասյանը, Էդուրադ Էվրիկի Նիկոլյանը։ Գործը հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել նոյեմբերի 21-ին, գործով դատավորն է Լիլի Դրմեյանը։


Հիշեցնենք՝  սթ ապրիլին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում  քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել էր, որ Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցնելու տարիներին՝ ԳԲեգլարյանը 2004-2010 թթ. ընթացքում, 2 մլրդ 327 մլն ՀՀ դրամի 27 անշարժ գույքն իր հետ փոխկապակցված անձանց սեփականությունը դարձնելու նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև 2004-2017 թթ. ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը:


«Մասնավորապես՝ Գ. Բ.-ն, Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, Կենտրոն համայնքին պատկանող ավելի քան 23 մլն ՀՀ դրամի շուկայական արժեք ունեցող թիվ 140 մանկապարտեզի տարածքը փաստացի իրենը դարձնելու նպատակով, 2008 թվականի դեկտեմբերի 25-ին համայնքի ավագանու նիստի օրակարգում ներառել է այդ մանկապարտեզի վերակազմակերպման հարցը՝ ավագանու անդամներից թաքցնելով նշված անշարժ գույքը հետագայում իրենը դարձնելու մտադրությունը: Արդյունքում՝ ավագանու որոշմամբ հիշյալ հաստատությունը վերակազմակերպվել և միացվել է նույն համայնքի մեկ այլ մանկապարտեզի:


Պարզվել է նաև, որ Գ. Բ.-ն դրդել է Կենտրոն համայնքի նախկին ղեկավարին նշված անշարժ գույքը ավագանու որոշմամբ վարձակալությամբ տրամադրել իր հետ փոխկապակցված անձին՝ հետագայում այն փաստացի իրենը դարձնելու նպատակով: Դրանից հետո, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու նպատակով, Գ. Բ.-ն նշված անշարժ գույքը շուկայականից անհամեմատ ցածր գնով՝ 23 մլն դրամով, ձևական առուվաճառքի պայմանագրով օտարել է իր հետ փոխկապակցված անձին: Այնուհետև Գ. Բ.-ն նախնական համաձայնության է եկել վերջինիս հետ՝ նշված գույքը դարձյալ ձևական առուվաճառքի պայմանագրով 24 մլն դրամով իր հորը օտարելու վերաբերյալ, որի արդյունքում գույքը փաստացի դարձել է Գ. Բ.-ի սեփականությունը: Այդ կերպ թաքցվել և խեղաթյուրվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագման աղբյուրը:


Նույն կերպ Գ. Բ.-ի հետ փոխկապակցված անձանց օտարվել է Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող ավելի քան 2 մլրդ դրամի՝ մնացած 26 անշարժ գույքը, մի դեպքում՝ ուղղակի վաճառքի, մյուս դեպքում՝ նվիրատվության կամ ձևական աճուրդի եղանակով:   Արդյունքում՝ նշված ամբողջ գույքը փաստացի դարձել է Գ. Բ.-ի սեփականությունը:


Գ. Բ.-ին, Կենտրոն համայնքի նախկին ղեկավարին և նրա տեղակալին մեղադրանքներ են ներկայացվել բազմաթիվ դրվագներով փողերի լվացման, դրան դրդելու և պաշտոնեական լիազորությունները  չարաշահելու համար:


Նախաքննության ընթացքում Գ. Բ.-ի կողմից վերականգնվել է շուրջ 210 մլն դրամ, ինչպես նաև  պետությանը պատճառված վնասի չափով արգելանք է դրվել վերը նշված 27 անշարժ գույքի վրա: 


Նշենք, որ Գ․Բեգլարյանի և նրան փոխկապակցված անձնաց ապօրինի գույքի բռնագանձման պահանջի մասին մեկ այլ գործ էլ 2022-ին էր Հակակոռուպցիոն դատարան ուղարկվել։