Հոնկոնգի Թայ Պո շրջանի Wang Fuk Court բնակելի համալիրում տեղի է ունեցել մասշտաբային հրդեհ, որը, ըստ South China Morning Post (SCMP) թերթի տվյալների, դարձել է զոհերի թվով ամենաողբերգականը քաղաքի պատմության մեջ։
Զոհերի թիվը հասել է առնվազն 44-ի ։ Մոտ 100 մարդ ստացել է վնասվածքներ, որոնցից 45-ը գտնվում են ծանր վիճակում։ 279 մարդ համարվում է անհետ կորած։ Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի օրը՝ ութ բարձրահարկ շենքերից բաղկացած համալիրում։

Մեկ շենք չի տուժել, իսկ մյուս յոթը գրեթե ամբողջությամբ հայտնվել են կրակի մեջ։Կրակի արագ տարածման պատճառ են դարձել շենքերի վրա կոսմետիկ վերանորոգման համար տեղադրված բամբուկե շինարարական կառույցները։
Համալիրը բաղկացած է գրեթե 2000 բնակարանից, որտեղ բնակվում է շուրջ 4000 մարդ։

Զոհերի թվով նախորդ ռեկորդը գրանցվել էր 1996 թվականին՝ Garley Building համալիրի հրդեհի ժամանակ, երբ զոհվել էր 41 մարդ։