Որոշում կա 2026-ին ՀՀ-ում Էստոնիայի դեսպանություն բացել. հեռախոսազրույց են ունեցել Միրզոյանը և Մարգուս Ցահքնան

Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, Էստոնիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին տեղեկացրել է 2026 թվականին ՀՀ-ում Էստոնիայի դեսպանություն բացելու որոշման մասին: Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է արտահայտել Էստոնիայի կողմից կայացված այդ կարևոր որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հիրավի արտահայտում է երկու երկրների միջև ձևավորված ամուր գործընկերությունն ու դրա հետագա խորացման հարցում երկուստեք արտահայտված շահագրգռվածությունը:


Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի առաջմղմանը միտված կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցեր: Մտքեր են փոխանակվել առաջիկա անելիքների շուրջ: Ի թիվս այլ ուղղությունների, անդրադարձ է կատարվել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հարցերի:


Տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադարձ է կատարվել «ԹՐԻՓ ուղի» հաղորդակցությունների ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռնվող հնարավորություններին: