Փաստվեց եկեղեցու «չուլանացումը»․ Ինչի՞ն ես սպասում, Կտրիճ, հեռացի՛ր կտրիճաբար

Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ զրուցել ենք եպիսկոպոսների երեկվա հայտարարության, դրանից հետո վարչապետի հետ հանդիպման և հաջորդիվ ակնկալվող իրադարձությունների մասին։


«Դա ինձ նույնպես ուրախություն պատճառեց, որովհետև, ինչպես ասացիք, սառույցը հալվեց։ Եվ ես այս պահին կհիշեմ Ավետարանի խոսքը, որում ասվում է, որ չկա ծածուկ բան, որը չհայտնվի։ Այն, ինչ տասնյակ տարիներ կարծում էինք՝ ծածուկ է, այսօր բացահայտվեց, և բացահայտվեց ոչ միայն մեզ համար, այլև այս տասից ավելի եպիսկոպոսների համար, որոնք ապրեցին այդ իրավիճակը Մայր Աթոռի մեջ և ամեն օր ավելի հաստատեցին, որ այս իրավիճակը չի կարելի շարունակել։ Որովհետև, ի վերջո, մենք շատ եզակի ազգ ենք։ Մենք մի ազգ ենք, որ մեր եկեղեցին, հավատքը և պետությունը իրարից անբաժան են։ Այսինքն՝ ՀԱԵ հավատացյալը չի կարող հասկանալ իր ազգային անհատականությունը կամ հպատակությունը առանց առաքելական հավատքի և կամ հակառակը՝ առանց հայկական պետականության»,- ասաց քահանան։


Տեր Արմենի խոսքով՝ աշխարհի մեջ կան շատ կրոններ, կան շատ ազգեր, որոնք կորցրին իրենց պետականությունը և այսօր հայտնվեցին պատմությունից դուրս։


Նա ընդգծեց՝ մենք, ի վերջո, պետք է հասկանանք, որ առանց մեր պետականության մեր եկեղեցին կքայքայվի, մեր պետականությունը Առաքելական եկեղեցու հիմնասյուներից մեկն է, և մենք պետք է աշխատենք դա պահել, պահպանել, թե չէ կկորցնենք նաև մեր հոգևոր արժեքները։  


«Շատ ճիշտ է վարչապետի ասածը, և ես գնահատում եմ այս եպիսկոպոսներին, թեպետ ուշ եղավ, բայց ոչինչ։ Բայց ես թերագնահատում եմ այն մյուս եպիսկոպոսներին ու մյուս քահանաներին, որոնք փոխանակ աջակցեն այս եպիսկոպոսներին, երեկվանից ի վեր համացանցը ողողված է նրանց դեմ քարկոծումներով ու ամբաստանություններով»,-  նշեց տեր Արմենը։

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան