Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը այդպես էլ չի պատասխանում մեկ հարցի, որը եկեղեցու շուրջ օր օրի խորացող ճգնաժամի ֆոնին թերևս ամենակոռեկտ ու ամենահրատապ հարցն է՝ խախտե՞լ է նա արդյոք կուսակրոնության ուխտը։ Այս հարցի պատասխանը տալը հրատապ է՝ հաշվի առնելով այն սկանդալային, անպարկեշտ տեսագրությունը, որում երևացող տեսարանը վերագրվում է իրեն։ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը, որը պատասխանատու պաշտոն է զբաղեցնում՝ Մայր Աթոռի դիվանապետն է, պետք է նախանձախնդիր լիներ ապացուցելու, որ ինքը հավատարիմ է իր ուխտին և, այո, չի խախտել այդ ուխտը, ինքը վաստակել է «սրբազան» դիմելաձևով իրեն կոչելու պատիվն ու ոչինչ չի արել այդ վաստակին անարժան դառնալու համար։ Իսկ ինչպե՞ս է արձագանքում արքեպիսկոպոսն իրեն ուղղված շատ ուղիղ հարցին։ Որոշում է շրջանցել այն՝ «ոչ կոռեկտ» համարելով նման հարցադրումն ու է՛լ ավելի խորացնելով իր շուրջը հավատավոր հոտի անվստահությունը։
«Ֆակտոր»-ի հետ զրույցում ի պատասխան
հարցի՝ կարո՞ղ եք ասել, որ դուք երբևէ չեք խախտել կուսակրոնության ուխտը, 1997-ին կուսակրոնության
ուխտ տված Խաչատրյանն արձագանքել է․ «Իհարկե ես կարող եմ
պատասխանել ձեր հարցին։ Բայց ձեր հարցերը դուրս
են գալիս կոռեկտության սահմաններից։ Դուք ուղիղ մտնում եք իմ անձնական հարաբերությունների
տիրույթ»։ Չեք լսե՞լ, ասում են՝ հոգևորականի
անձնական կյանքը ո՞րն է՝ լրագրողի դիտարկմանը Խաչատրյանն արձագանքել է․ «Իսկ դուք համաձա՞յն եք էդ դիտարկմանը։ ․․․Երբ որ դուք հարցեր եք տալիս, ձեր հարցերը պետք ա ֆիլտրեք։ Չեք
կարող հարցեր տալ, որոնք շրջանցում են կոռեկտության սահմանները։ Եվ եթե անգամ հանրայնորեն
այդպիսի հարցեր հնչեցվում են, կարծում եմ՝ դուք, որպես մտքերի համակարգող, որոշակիորեն
հանրային գիտակցության վրա ազդեցություն ունեցող անձ, պետք ա մարդկանց բացատրեք, որ
հարցեր կան, որոնք կոռեկտ չեն և չեն կարող տրվել»։ Դիվանապետը, արձագանքելով իշխանականների՝
այդ թեմայով մեղադրանքներին, շեշտել է՝ «իշխանականների
մեղադրանքները ինձ համար լեգիտիմ չեն, դրանք լեգիտիմ հարցադրումներ չեն։ Ցանկացած մեկին
առնչվող անձնական բնույթի հարցերը չեն կարող հնչեցվել։ Եվ եթե այդպիսի մեղադրանքներ
էլ, փաստեր էլ կան, բացարձակապես էդ տիրույթում չէ, որ պետք է քննարկվեն։ Այնպես, ինչպես
ցանկացած անձի անդրորովայնային հարաբերությունները չեն վերաբերում որևէ մեկին․․․»։
Այս բարդ ստորադասական, խրթին ձևակերպված նախադասությունների
փոխարեն, մինչդեռ, հավատավոր հոտին կբավարարեր կարճ, հակիրճ պատասխանը՝ «այո, խախտել
եմ և պատրաստ եմ կրել դրա համար պատասխանատվություն», «ոչ, չեմ խախտել, ու հետևապես որևէ պատասխանատվություն
կրելու հարց չի ծագում»։
Արդ, Խաչատրյանը որոշեց ո՛չ հերքել, ո՛չ հաստատել իր ուխտազանցությունը՝
«անդրորովայնային» կարիքները հոգալը համարելով իր լեգիտիմ իրավունքը։ Հավատավոր հոտն էլ հետևապես իրավունք ունի հավատալու
կամ չհավատալու սկանդալային տեսագրությանն ու ըստ այդմ կողմնորոշվելու։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած ասուլիսում Արշակ
Խաչատրյանը խոստովանել էր, որ ինքը հրեշտակ չէ, բազում սայթաքումներ ու սխալներ է թույլ
տվել։ «Եթե մեկը մտածում
է, որ ես անսխալական եմ, իրեն էլ խորը հուսախաբություն է սպասում։ Իմ կողմից էլ բազմաթիվ
սխալներ են թույլ տրվել, բազմաթիվ սայթաքումներ են եղել, բայց խնդիրը էստեղ բոլորովին
այլ է։ ․․․Եթե թերթենք
մեր եկեղեցու ողջ պատմությունը, ապա չկա մի սուրբ՝ սկսած Գրիգոր Լուսավորչից մինչև
Նարեկացի, որի կենսագրության մեջ եղած չլինեն սև կետեր։ Բայց մարդու, քրիստոնյայի առաքելությունն
այն է, որ այդ սև կետերը իրեն չպետք է կասեցնեն խոսելու համար այնպիսի երևույթների
մասին, որոնք համընդհանուր վտանգավորություն ունեն»։
Հ. Մ.