Տեղատարափ անձրևները Հարավարևելյան Ասիայի երկրներում հեղեղումների ու սողանքների պատճառ են դարձել՝ խլելով ավելի քան 1000 մարդու կյանք։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ինդոնեզիայում հեղեղները 502 մարդու կյանք են խլել, ևս 508 մարդ անհետ կորած է։ Աղետների հետևանքների վերացման գործակալության տվյալներով՝ Ինդոնեզիայում վնասվել է ավելի քան 28 000 տուն, տուժել է 1,4 միլիոն մարդ։
Թաիլանդում հեղեղումներից զոհվել է առնվազն 176 մարդ, Մալայզիայում՝ 3։
Երեք երկրներից տարհանվել են հազարավոր մարդիկ։ Հեղեղումների պատճառով տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 4 միլիոնը, որից մոտ 3 միլիոնը հարավային Թաիլանդում։
Իսկ Շրի Լանկայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 355-ի։ Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են։ Երկրի մեկ երրորդը զրկվել է էլեկտրամատակարարումից և ջրամատակարարումից։ Իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել։
Հարավարևելյան Ասիայում ամիսներ շարունակ անբարենպաստ եղանակային պայմաններ էին։ Ավելի վաղ Ֆիլիպիններին և Վիետնամին էին պատուհասել թայֆուններ, որոնք նույնպես առաջացրել են ջրհեղեղներ։