Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ զրուցել ենք եպիսկոպոսների հայտարարությունների, կաթողիկոսի հրաժարականի և եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին։
Նշենք, որ եպիսկոպոսների վերջին հայտարարության մեջ նրանք նշել
էին, որ Մայր աթոռի և կաթողիկոսի ներկայիս ընթացքը հակականոնական, վտանգավոր, վնասակար
ու կորստաբեր է և չի կարող այլևս շարունակվել. եկեղեցու շուրջ առկա անառողջ մթնոլորտը
գուցե չլիներ, եթե 1999թ. Կաթողիկոսական ընտրությունը լիներ արդար, առանց ահաբեկումների։
«Խնդիրը բարձրացված է, որովհետև հասարակությունը մշտապես հոկտեմբերի
27-ը բացասաբար է հիշում, այդ արյունալի օրը։ Կաթողիկոսի մուտքը Էջմիածին եղավ Հայաստանի
պետական ավագանու լավագույն ներկայացուցիչների գնդակահարությամբ և ահաբեկչությամբ։
Հետագա տարիները ցույց տվեցին, որ Գարեգին
2-րդ կաթողիկոսն իր գործունեությամբ, իր աշխատանքներով, ցավոք, քիչ ունկնդիր եղավ շատ
եպիսկոպոսների, վարդապետների և ահավասիկ հասավ այս ժամանակները։ Ես երբեք իր անձի դեմ
անհատապես վիրավորական խոսքեր չեմ ասել և չեմ ասի, երբեք հակակաթողիկոսական չեմ եղել և չեմ լինի, բայց
կարող եմ մեր սրբազանների հետ միասին բարձրաձայնել այն խնդիրները, որոնք մեզ մղել են
ստիպված մեր ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջը դնելու։ Դրանց մեջ կարող
ենք առանձնացնել այն, որ վերջին տարիներին մեր եկեղեցին ուղղակի ամբողջությամբ ներգրավվեց,
ներքաշվեց Հայաստանի ներքին քաղաքական դաշտ՝ մանավանդ 2021 թվականի արտահերթ ընտրություններից
առաջ թեկնածուներից մեկի կողմը բռնելով, ավելի ուշ արդեն տարբեր քաղաքական շարժումներին
մեր հոգևորականության մասնակցությամբ»,- ասաց սրբազանը։
Նա ընդգծեց՝ եթե անգամ իրենց՝ տասը եպիսկոպոս, արքեպիսկոպոսներին
կարգալույծ անեն, հեռացնեն եկեղեցուց, ինչ քայլեր ցանկանում են՝ թող անեն, միևնույն
է՝ բան չի փոխվելու: Ամենայն հայոց կաթողիկոսը, ցավոք, չի կարողանում ամենայն հայոց
կաթողիկոսի գործառույթներն իրականացնել, որովհետև դրանք հրամանների կամ ֆինանսական
հարցերի լուծումները չեն, կամ կադրային հարցերը չեն, այլ առաջին հերթին կաթողիկոսի՝
համայնքներ գնալն է, ժողովրդի հետ հանդիպելն է ու նրանց Սուրբ գիրքն ու սրբազան ավանդույթները
փոխանցելը, ինչը չի անում։ Ի հավելումն Վազգեն սրբազանն ասաց, որ կաթողիկոսը պետք է
հանգիստ հեռանա։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան