Սերժ Սարգսյանի նամակը ոչ թե ՀՀ-ի «կարմիր գծերի», այլ դրանց խախտված լինելու մասին է

Սերժ Սարգսյանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այն մասին է, որ ՀՀ-ի (հայկական կողմերի) բոլոր կարմիր գծերը խախտվել են։ Դա նամակ է ոչ թե այն մասին, որ հանկարծ այդ գծերը չխախտվեն, այլ արդեն իսկ խախտված լինելու մասին է։ Այս մասին Сivic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ ի պատասխան Սերժ Սարգսյանի թիմի ներկայացուցիչների այն պնդումների, թե հիշյալ նամակն ու կառավարության կայքում նախօրեին հրապարակված ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերը ցույց են տալիս «Սերժ Սարգսյանի կարմիր գծերն ու սկզբունքները»։ Նաև այն, որ  երրորդ նախագահը մինչև վերջ հետամուտ եղել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը»։ «Ւնքն է, չէ՞,  եղել ՀՀ գլխավոր բանակցողը այդ նամակի նախորդող 8 տարում։ Առավել ևս կազանյան գործընթացի տապալումից հետո չէ՞ր տեսնում, որ գալիս է «կարմիր գծերը» խախտվելու պահը»,-նկատեց Եղոյանը։ 


Ի պատասխան դիտարկման, թե հայկական կողմն իրեն կառուցողական էր պահում բանակցային սեղանի շուրջ՝ պատգամավորը հակադարձեց «Եթե կոնստրուկտիվ էր, թող իրեն 1997-ին կոնստրուկտիվ պահեր։ 2016 թվականի առաջարկը բովանդակությամբ նույնն է, մեկ տարբերությամբ, որ 1997-ին առաջարկվում էր  6 շրջան վերադարձնել, 2016-ին՝ 5 շրջան։ 1997-ի փուլային լուծման մեջ նշվում էր, որ վերադարձվում է 6 շրջան, խաղաղապահները գալիս-տեղակայվում են, տարածաշևջանային կոմունիկացիաները ապաշրջափակվում են, սառեցվում է կոնֆլիկտը, հետո՝ ապագայում, կտեսնենք։ Օրվա իշխանությունը վեր կացավ ու ասաց՝ չէ, էսպես ո՞նց կլինի, եթե 6 շրջանները վերադարձնենք, կնշանակի մոռանալ կարգավիճակի մասին։ 2016 թվականի առաջարկն էլի նույն բանն էր ասում։ Բայց եթե կազանյան փաստաթղթում կար ԼՂ միջանկյալ կարգավիճակի մասին հիշատակում, ապա 2016-ին արդեն դա դուրս եկավ։ Իսկ ինչպե՞ս դա տեղի ունեցավ, շատ պարզ՝ Ադրբեջանին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ճնշելու ռեսուրս չուներ, իսկ ՀՀ-ին ճնշելու ռեսուրս՝ ուներ։ Ու քանի որ իրենց պետք էր որևէ առաջընթաց, ապա դա ապահովվում էր թույլ կողմի հաշվին»։

 

Կառավարող ուժի ներկայացուցիչը նկատեց նաև, որ բանակցություններին զուգընթաց խախտվում էր նաև հայկական կողմերի և  Ադրբեջանի միջև առազմական բալանսն ու 2016-ի դրությամբ տարբերությունն ահռելի էր՝ հօգուտ Ադրբեջանի։ Մինչդեռ հայկական կողմը հասարակությանը կերակրում էր «Քիլդիմ» մուլտիկներ նկարելով ու Ադրբեջանին ծաղրելով, փորձելով ցույց տալ, որ հակառակորդ երկրում ոչ մի բան տեղի չի ունենում, քնած են, իսկ մենք խրոխտ զարգանում ենք՝ հընթացս տանելով նաև ոչմիթիզականության, «հող հանձնողին հողին հանձնելու» քարոզը։ «Ողբերգությունն այն է, որ նման քարոզչության պայմանններում գնացել ու զուգահեռ բանակցել են հող հանձնելու մասին»,-նշում է պատգամավորն ու հավելում՝ ամբողջ բանակցային գործընթացը հենց «հող հանձնելու» մասին է երբ Մինսկի խմբի համանախագահները հավաքվել են իրենց անելիքը քննարկելու, քննարկել են 7 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու տարբերակները։


ՔՊ-ական պատգամավորը արձանագրեց՝ Սերժ Սարգսյանը գործող իշխանությանը մեղադրում է 2016-ին իր կողմից մերժված, քննադատված թուղթը  չընդունելու մեջ։ «Հիմա թող ասեն՝ ո՞րն էր ճիշտը՝ ընդունե՞լ, թե՞ չընդունել։ Եթե ընդունել, ապա ինչո՞ւ ինքը ժամանակին չի ընդունել»։    

    

Արման Եղոյանի հետ մեր զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։