Խղճում եմ ընդդիմությանը՝ հրապարակված փաստաթղթերը սպառեցին նրանց օրակարգը

Կառավարության կողմից ԼՂ խնդրի կարգավորման բանակցային փաստաթղթերի  հրապարակումը ի չիք դարձրեց ընդդիմության պնդումը,  թե 2019-ին ՀՀ-ին առաջարկվել է կարգավորման հայանպաստ պլան, իսկ օրվա իշխանությունը մերժել է այն։ 2019-ի փաստաթուղթը, պարզվեց, 2018-ից առաջ, այսինքն՝ Սերժ Սարգսյանի օրոք բանակցված ու խնդրի  լուծմանը չնպաստած փաստաթղթի ամփոփագիրն էր։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը՝ նկատելով. «Մեզ անընդհատ մեղադրում են նրանում, թե ինչու չընդունեցինք 2019-ի փաստաթուղթը, այ եթե այսպես անեիք՝ այսպես կլիներ, և այլն։ Հարց է ծագում՝ իրենք այդքան տարի իշխանության են եղել, բանակցելու հնարավորություն են ունեցել, ինչո՞ւ իրենց սրտի ուզածի ձևով չեն բանակցել ու լուծել խնդիրը։ Կարելի է ենթադրել՝ կամ հնարավորություն ունեցել են, բայց չեն լուծել, կամ էլ իսկապես անիրատեսական ու սին էին իրենց իսկ պատկերացրած լուծումները։ Ի վերջո, եթե հարց լուծող էին, թող լուծեին, իրենց ոչ ոք չի խանգարել»։ Մեր զրուցակիցը նշեց նաև, որ  խղճում է ընդդիմությանը, քանի որ այլևս թեմա չկա, որ շահարկեն ու քաղաքական օրակարգ լցնեն։


Անդրադառնալով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ու ապագա խորհրդարանում ներկայիս ընդդիմադիր խմբակցությունների հայտնվելու շանսերին՝ տիկին Պողոսյանը նկատեց՝ «մենք չէ, որ իրենց քոքը մաշել ենք, այլ՝ իրենք իրենց»։ Նաև հավելեց՝ խորհրդարանում հայտնվելու շանսեր նախկին նախագահների հետ նույնականացվող քաղաքական ուժերը չունեն։  


Եկեղեցու շուրջ ճգնաժամի  հանգուցալուծման մասին էլ  ՔՊ խմբակցության պատգամավորը հայտնեց իր դիրքորոշումը. «Կտրիճ Ներսիսյանը վաղ թե ուշ կլքի Մայր Աթոռը։ Նախօրեին իմացանք, որ նա կարգալույծ է հռչակել հերթական հոգևորականին՝ Տեր Թադեին։ Նրան թվում է, թե այսպիսի մարտավարությամբ  կկարողանա ժամանա՞կ ձգել։ Այսպես բոլոր հոգևորականներին կարգալույծ անելով վերջում կպարզվի, որ մնացել են ինքն ու Արշակը  (Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը)։ Եկեղեցու, մասնավորապես Կտրիճ Ներսիսյանի հանդեպ անվստահությունը հանրության շրջանում, ի դեպ, տարիներ է ձգվում, նա երբեք էլ չի վայելել բացարձակ վստահություն ու համակրանք»։


Անդրադարձանք նաև «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի՝ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագին մասնակցելուն, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը: Մարիամ Պողոսյանը Կարապետյանի այդ քայլը «չստացված «Փիառ» ակցիա» որակեց՝ հավելելով՝ «ուզում է իր կարևորությունը ցույց տալ, բայց նույնիսկ դա չստացվեց»։


Մարիամ Պողոսյանի հետ մեր զրույցի մանրամասները՝ տեսանյութում։ 

Հեղինե Մանուկյան