Եկեղեցին չի կարող լինել խաղալիք օտարերկրյա գործակալների ձեռքին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ զրուցել ենք 10 եպիսկոպոսների հայտարարությունների, եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների և ներքաղաքական իրավիճակի մասին։


 Պատգամավորի խոսքով՝ 10 եպիսկոպոսների հայտարարությունն իհարկե պետք է ընդունել ի գիտություն, և դա արձանագրումն է այն ամբողջ խնդիրների, որ առկա են եկեղեցում տևական ժամանակ, և որից խուսափել ուղղակի հնարավոր չի։


«Փաստացի ներկայիս կաթողիկոսը և իր ենթակաների մի մասը եկեղեցին ներքաշել են քաղաքական պրոցեսների մեջ։ Ես երբեք իմ ամենավատ պատկերացումներում նախկինում չէի պատկերացնի, որ էն մարդիկ, ովքեր պատարագ կմատուցեն վարչապետի ներկայությամբ, կհամարվեն դավաճան, կամ ովքեր չանեն պատարագ վարչապետի մասնակցությամբ, կհամարվեն հերոսներ։ Սա նման է քաղաքական պրոցեսների։ Կհիշեք, որ 2021 թվականի ընտրություններից առաջ այն համայնքապետերը, ովքեր դիմավորում էին վարչապետին քարոզարշավի ընթացքում, համարվում էին դավաճան, ովքեր չէին դիմավորում, համարվում էին խիզախ և հայրենասեր։ Եկեղեցին ամբողջովին քաղաքականացված է, ինչն իհարկե շատ վատ է, բայց ամեն ինչ սկսվում է վերևից, և էդ վերևում կանգնած է Կտրիճ Ներսիսյանը, և Կտրիճ Ներսիսյանը պետք է միանշանակ հեռանա, պետք է լքի վեհարանը: Առողջացման պրոցեսը, որը եկեղեցում սկսվել է, անդառնալի է և հասնելու է իր հանգրվանին»,- ասաց պատգամավորը։


  Խոսելով նաև օրերս կառավարության կայքում հրապարակված Ղարաբաղի բանակցային փաթեթների, մասնավորապես Մեղրիի փոխանակման մասին՝ պատգամավորն ասաց, որ 2021 թվականի քարոզարշավի ժամանակ, երբ որ Սյունիքում այդ խոսակցությունները կային՝ կապված Մեղրին «հանձնելու» և այլնի հետ, հիմնական մեղադրողները Քոչարյանի աջակիցներն էին, որոնց ինքն ասում էր, որ նրանք մի մարդու աջակից են, ով բանակցել է Մեղրին հանձնելու շուրջ։


«Մեղրին Ղարաբաղի   և Լաչինի դիմաց բանակցելու արդյունքում է, որ հետագայում, իմ կարծիքով, ամենաանկյունաքարայինը եղել են հենց բուն բանակցությունները, և  էական չէ, թե բանակցություններն ինչով են  ավարտվել։ Եթե դու բանակցում ես քո սուվերեն տարածքը ինչ-որ բանի դիմաց ինչ-որ մեկին զիջելու մասին, դու ակնհայտորեն և փաստացի ընդունում ես, որ այդ ինչ-որ բանը, տվյալ դեպքում՝ Ղարաբաղը, էդ հակառակորդի, տվյալ դեպքում՝  Ադրբեջանի սուվերեն տարածքն է։ Փաստացի էդ ժամանակ Ղարաբաղը ընդունվել է  հայկական կողմից Ադրբեջանի մաս։ Փաստը մնում է փաստ, որ դա բանակցվել է, և մենակ այն փաստը, որ դա բանակցվել է, արդեն մեծ  և անդառնալի հարված է եղել բանակցային գործընթացներին»,- հավելեց պատգամավորը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան