«Եկեղեցին չի կարող պետության ներսում ունենալ ինքնիշխանություն, անկախություն՝ այո։ Ինքնիշխան կարող է լինել միայն պետությունը, իսկ եկեղեցին չի կարող դուրս լինել իրավակարգից»։ Այս մասին հայտարարեց իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու բարենորոգմանը վերաբերող կանոնակարգի ընդունման առաջարկին։
Խալաթյանի խոսքով՝ նորմալ պետություններում
եկեղեցին ու պետությունը գտնվում են մշտական երկխոսության մեջ, քանի որ այս երկու սուբյեկտները
հանրային կյանքի երկու հիմնական սյուներն են՝ քաղաքական և հոգևոր։ Եվ վարչապետի առաջարկը
հենց այս համատեքստում էր՝ պետության կողմից եկեղեցու հանդեպ հոգածության դրսևորում։
Մինչդեռ այն քաղաքական ուժերը, որոնք այսօր եկեղեցու պաշտպանության դիրքերից են հանդես
գալիս ու իշխանությանը մեղադրում եկեղեցու ներքին գործերին միջամուխ լինելու մեջ, ըստ
մեր զրուցակցի, ժամանակին եկեղեցին ենթարկեցրել են իրենց տնտեսական, քաղաքական գծին, ավելին՝ որոշ հոգևորականների, կաթողիկոսի
հեղինակությունը փորձել են ծառայեցնել իրենց
անձնական շահերին։
Անդրադառնալով եկեղեցու շուրջ
արդեն ամիսներ շարունակ ձգվող ճգնաժամի հանգուցալուծմանը, մասնավորապես հարցին՝ արդյոք
Գարեգին Բ-ն ինքնակամ կհեռանա՞, Խալաթյանը նշեց․ «Եկեղեցու բարեփոխումները
որպես քաղաքական օրակարգ հռչակելը պետական
իշխանության լեգիտիմ իրավունքն է, դրա գործիքակազմը ամբողջովին գտնվում է եկեղեցու
սպասավորների անձնական խղճի, հավատամքի, նաև գիտակցության մակարդակում։ Ինչ կարող է
անել իշխանությո՞ւնը՝ գեներացնել որոշակի հանրային տրամադրություններ ու ձևակերպել
հանրային օրակարգ։ Ինչ կլինի դրանից հետո եկեղեցո՞ւմ․․․ սա էլ բարձրաստիճան հոգևորականության համար որոշակի փորձաքար
է։ Կլինի ներքին բարեփոխման կրիտիկական պահանջ, այդ ժամանակ մենք կունենանք շատ արագ
զարգացումներ։ Այն բարձրաստիճան հոգևորականները, որոնք այսօր միացել են եկեղեցու բարենորոգման
հանրային պահանջին, դրանց թիվը կշատանա։ Եթե չի շատանա, ուրեմն կունենանք եկեղեցու
աննախադեպ ճգնաժամ, որը կբերի հոգևոր ճգնաժամի և Հայ առաքելական եկեղեցու հիմքերի սասանման»։
Արտաշես Խալաթյանի հետ զրուցել
ենք նաև օրերս հրապարակված ԼՂ բանակցային փաստաթղթերի, խնդրի հայանպաստ կարգավորման
հնարավոր լինել-չլինելու, 2026 թվականի ԱԺ ընտրություններին խորհրդարան անցնելու շանսեր
ունեցող քաղաքական ուժերի, Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանի մասին հայտարարության
և այլ հարակից թեմաներից։
Զրույցի ուշագրավ մանրամասները՝
տեսանյութում։
Հեղինե Մանուկյան