ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան
Սաղաթելյանը, ըստ մամուլի տեղեկությունների, այսօր հարցաքննվել է ՔԿ պետության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում։
Քննչական կոմիտեից Civic.am-ը փորձեց պարզել՝ ինչ գործի շրջանակներում է տեղի ունեցել
հարցաքննությունը։ Ի պատասխան ՔԿ-ից հայտեցին, թե հարցաքննությունների վերաբերյալ
տեղեկություններ չեն հաղորդում։
Փորձեցինք լուրի իսկությունը ճշտել նաև ՀՅԴ
ԳՄ-ից։ Այստեղ ևս մամուլի տեղեկությունը չմեկնաբանեցին՝ նշելով միայն, որ Սաղաթելյանն
այս պահին գտնվում է Գերագույն մարմնում։
Նշենք, որ ամիսներ առաջ, երբ հրապարակվեցին
«սրբազան պայքար»-ի առաջնորդ Վազգեն Գալստանյանի և մի խումբ այլ անձանց միջև տեղի ունեցած
խոսակցությունների գաղտնալսումները, դրանցում հիշատակվում էր նաև Իշխան Սաղաթելյանի անունը։
Գալստանյանը մասնավորապես խոսելով խմբեր ձևավորելու մասին՝ իր խոսքում նշել էր․ «Դաշնակցությունը Իշխանն ասում ա՝ 1000 հոգի մարդ ունեն։ Կարան ձգեն մինչև
1200 հոգի։ Եթե մեր ասած տրամաբանությամբ գնա 1200-ը 60 խումբ ա անում։ Մի քիչ-քիչ
50, հա էլի 60 համարյա․․․»։
Նշենք, որ ըստ մեղադրանքի «Վազգեն Գալստանյանը և հանցավոր
խմբի մյուս անդամները չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքների՝
ահաբեկչության ու իշխանությունը զավթելու եղանակով այն յուրացնելու՝ Հայաստանի Հանրապետության
կառավարության և Ազգային ժողովի լիազորություններին ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված
եղանակներով տիրանալու օբյեկտիվ կողմը կազմող վերը նշված գործողությունների կատարումը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու
փուլում բացահայտելու պատճառով»: