Գերմանիան աջակցում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, սահմանի բացմանը. վարչապետ

Գերմանիան աջակցում է նաև Հայաստանին և Թուրքիային՝ հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։


Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսում:


Վարչապետը տարածաշրջանային հաղորդակցությունների բացման համատեքստում համոզմունք է հայտնել, որ կհաջողվի հասնել նաև Հայաստան-Թուրքիա սահմանների բացման կետին։


«Դա նշանակում է ՀՀ ուղիղ կապ՝ այդ թվում ցամաքային, երկաթուղային կապ ԵՄ-ի, այդ թվում՝ Գերմանիայի հետ։ Սա տնտեսական, քաղաքական և ներդրումային իմաստներով շրջադարձային նշանակություն է ունենալու։ Եվ ես ուրախ եմ, որ Գերմանիան աջակցում է նաև Հայաստանին և Թուրքիային հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու և ի վերջո դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: