Բաքուն կարող է վերականգնել Հայաստանի հետ սահմանին երկաթգիծը՝ «ի պատասխան Թբիլիսիի սակագնային դեմարշի». ԶԼՄ-ներ

Ադրբեջանական Minval Politika պարբերականը պնդում է, որ Բաքուն քննարկում է Հայաստանի հետ սահմանին երկաթուղային հատվածը վերականգնելու հնարավորությունը՝ «ի պատասխան Թբիլիսիի սակագնային դեմարշի»։


Պարբերականը, հղում անելով «Բաքվի և Երևանի միջև քննարկումների լավատեղյակ աղբյուրներին», գրում է, որ Ադրբեջանն «արդեն սկսել է գնահատել իր սեփական հնարավորությունները՝ այլընտրանքային լոգիստիկ առանցք ձևավորելու համար»։ Խոսքը երկաթուղային գծի վերականգնման մասին է, որը խորհրդային տարիներին Բաքուն կապում էր Ղազախի հետ, ապա շարժվում Իջևանի ուղղությամբ։


«Նախնական գնահատումը, մեր տեղեկություններով, արդեն սկսվել է. ուսումնասիրվում են հատվածի հնարավոր վերականգնման տեխնիկական պարամետրերը, արժեքը և ժամկետները, որը թույլ կտա տարանցման մի հատվածը դուրս բերել վրացական կախվածությունից։ Այնուհետև բեռները կարող են հատել սահմանը ավտոմեքենաներով և մտնել Հայաստանի խորքերը, ինչը ժամանակակից լոգիստիկայի տեսանկյունից լիովին կենսունակ լուծում է։ Զուգահեռաբար ուսումնասիրվում է լիարժեք ավտոմոբիլային երթուղիների տարբերակը։ Երթուղին դեռևս վերջնականապես չի որոշվել. քննարկվում են այլընտրանքային միջանցքները և դրանց տնտեսական արդյունավետությունը։ Սակայն նման քննարկումների ի հայտ գալու փաստը միայն վկայում է գլխավորի մասին. Ադրբեջանը դադարել է Վրաստանի տարածքով տարանցումը դիտարկել որպես միակ կամ անխուսափելի ուղի»,- ասվում է հրապարակման մեջ։


«Այսօր Թբիլիսին կանգնած է պարզ ընտրության առաջ՝ կամ ինտեգրվել տարածաշրջանային համագործակցության նոր մոդելին, կամ հետևել, թե ինչպես են ձևավորվում երթուղիները, որոնցում նրա ներկայությունը դադարել է լինել անհրաժեշտ»,- եզրափակում է պարբերականը։