«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝
Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրված փաստաթուղթը պատմական նշանակություն ունի: «Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների այս նոր մակարդակը շատ կարևոր խթան է Հայաստան-ԵՄ խորացող հարաբերությունների
գործընթացի համար։ Ընդ որում՝ հաշված օրեր առաջ էլ Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունների
նոր մակարդակ ֆիքսեց, և շատ կարևոր է, որ ընդամենը օրերի տարբերությամբ Եվրամիության
թիվ մեկ պետությունը, համահունչ այդ նոր իրողություններին, այսպիսի երկկողմ հիմքի վրա
փաստաթուղթ ստորագրեց Երևանի հետ»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Մեհրաբյանն արձանագրեց՝ այս մերձեցման մեջ կա ահռելի պոտենցիալ,
որի իրացումը պահանջում է բարեխիղճ տնային աշխատանք. «Բոլոր նախադրյալները
կան, ինչն էլ չկա՝ այդ ամենը կարելի է համալրել պատշաճորեն խնդիրներ դնելով։ Սա նպատակների
հռչակում է, բայց այս ամենի թիվ մեկ շահագրգիռ կողմը մենք ենք և այդ ամենը իրականություն
դարձնելու համար պետք է ջանքեր գործադրենք»։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Մայր աթոռի շուրջ ծավալվող իրադարձություններին
և նկատեց. «Այլ պետության կողմից
մեր կարևորագույն ինստիտուտի զավթում չի կարող լինել՝ խելքներդ գլուխներդ հավաքեք ձեր
Եզրասներով։ Չգիտեմ՝ ինչի է սպասում, բայց ինձ թվում է՝ նա ի վիճակի չէ այլևս ղեկավարելու
եկեղեցին, ապահովելու եկեղեցու համարժեքությունը ժամանակակից աշխարհի փոփոխություններին։
Նա նույնիսկ ի վիճակի չէ իր հետ ու իր շուրջը տեղի ունեցողի նկատմամբ համարժեք վերաբերմունք
ունենալու ու քայլեր ձեռնարկելու։ Սա ուղեղի մթագնում է։ Ժամանակն է, որ նա լքի Գրիգոր
Լուսավորչի 1700-ամյա գահը»։
Հաշվի առնելով ՌԴ-ից եկող արձագանքները՝ Մեհրաբյանը կարծիք հայտնեց,
որ հնարավոր է կաթողիկոսի առաջ վերջնագիր են դրել՝ մնում ես մինչև վերջ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան