Վահան Կոստանյանը և Մարսել Դե Վինկը մտքեր են փոխանակել ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված ոլորտներում անելիքների շուրջ

Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Մարսել Դե Վինկի գլխավորությամբ:


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական երկխոսության դինամիկան:


Մտքեր են փոխանակվել Հայաստան-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրում ամրագրված ոլորտներում առաջիկա անելիքների շուրջ: Ի թիվս այլ ուղղությունների՝ անդրադարձ է կատարվել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հարցերին:


Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով նաև այդ համատեքստում երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը:


Վահան Կոստանյանը ներկայացրել է ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանում և դրանից անդին տնտեսական փոխգործակցության զարգացման նոր հնարավորությունները: