Ուկրաինան հարվածել է Կասպից ծովով Ռուսաստանի համար զենք տեղափոխող նավերին

Ուկրաինայի հատուկ գործողության ուժերը հայտնել են Կասպից ծովով Ռուսաստանի համար զենք տեղափոխող ռուսական նավերին հարվածներ հասցնելու մասին։


«Խփված նավերի թվում էին «Կոմպոզիտոր Ռախմանինովը» և «Ասկար-Սարիջա»-ն, որոնք օգտագործում է ՌԴ-ն ռազմական նպատակներով, և գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների ներքո՝ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական բեռների մատակարարմանը մասնակցելու համար։ Հատուկ գործողության ուժերը շարունակում են իրականացնել ասիմետրիկ գործողություններ՝ խաթարելու համար ռուսական բանակի հարձակողական կարողությունները»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ Telegram ալիքում։


Երեկ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության հեռահար դրոնները հարվածել են «Լուկոյլ-Նիժնեվոլժսկնեֆտ» ընկերությանը պատկանող Ֆիլանովսկի անվան նավթարդյունահանման հարթակին։ Սա Ուկրաինայի առաջին հարվածն է ՌԴ ենթակառուցվածքին, որը կապված է Կասպից ծովում նավթի արդյունահանման հետ։