Սահմանազատումից հետո արխային քնում-զարթնում ենք. «Խաղաղ զրույց» Կիրանցում

Տավուշի մարզի Կիրանց համայնքում ենք, որը գտնվում է Երևանից 168 կմ հեռավորության վրա։ Գյուղը Կիրանց է վերանվանվել 1967 թ.-ին,  նախքան այդ կրել է Գետաշեն անունը, դրանից շատ առաջ էլ կոչվել է Կունեն։ Սահմանամերձ փոքրիկ այս համայնքը  2024 թվականի ապրիլից հետո ապրում է կյանքի նոր ու տեղացիների համար արդեն սովորական դարձած ռեժիմով՝ սահմանազատված համայնքի։


Այստեղ  լռությունն այլևս չեն խախտում հակառակորդի զենքերից արձակված կրակոցները։  Գյուղում աղմկող չակերտավոր զենքերը խորհրդանշում են  զարգացումն ու բարեկարգումը՝ կառավարության հատկացրած միջոցներով ներկայումս ջրագիծ է անցկացվում, բնակելի տներ են կառուցվում, վերականգնվում է Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը տարեվերջին պատրաստ կլինի ընդունելու հավատացյալներին։  «Վարչապետը խոստացել է, որ Սուրբ ծննդյան պատարագին մասնակցելու համար գալու է մեր եկեղեցի։ Սպասենք, տեսնենք»,- հավաստիացրեց գյուղացիներից մեկը։    


Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան դպրոցի զանգն ազդարարում է դասերի ավարտը, երեխաները տուն են գնում։ Անսովոր է, բայց առանց շտապելու։ Մեզ հետ զրույցում պնդում են՝ հաճույքով են գալիս դպրոց, որը կրթություն ստանալու համար լավագույն պայմաններն է ապահովել՝ լուսավոր ու հատուկ պարագաներով կահավորված դասասենյակներ, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, անգամ՝ լոգարաններ, նաև՝ ապաստարան։ «Աստված պետք չբերի, բայց դա էլ ունենք»,- ասում է 41 աշակերտի համար նախատեսված  կրթօջախի վարչատնտեսական մասի համակարգող Վոլոդյա Բաբինյանը՝ սիրով ցույց տալով դպրոցի գույքն ու կայքը։ Դպրոց այս պահին հաճախում է 37 երեխա, 20 երեխայի համար նախատեսված դպրոցի նախակրթարան էլ՝ 5 երեխա։   

Սահմանին հաստատված ռեժիմը ենթադրաբար պետք է ի հայտ բերած լինի  աշակերտների հետ աշխատանքի նոր ոճ, նաև շատ կարևոր ու նուրբ զրույց այն մասին, թե ինչ է խաղաղությունը։

Ինչ է խաղաղությունը, ինչ տեսք, ձև ու գույն ունի այն. երեխաներից շատերն ունեն  իրենց ուրույն պատկերացումները։  Բառը, որի կարիքն այնքա՜ն ունի աշխարհն  ու մասնավորապես Հայաստանը, նրանցից շատերի մոտ վառ գույների հետ է ասոցացվում՝ կանաչ, կարմիր, կապույտ, ծիրանագույն․․․     


Կիրանցիներից շատերը չեն սիրում տեսախցիկների առաջ կիսվել այն զգացողություններով, որոնք նրանց մոտ ի հայտ են եկել կյանքի նոր ռեժիմի բերումով։ Թողեք վարժվենք ապահով ու խաղաղ ապրելուն՝ ասում են։ Մի քիչ  տրտնջում են իրենց հանդեպ ցուցաբերվող գերուշադրությունից, նաև լարվում են՝ վերհիշելով այն օրերը, երբ սահմանազատման գործընթացը դեռ նոր էր սկսվել, տագնապն ու անորոշությունները շատ էին, մամուլն ու ընդդիմադիր շրջանակներն էլ, օգտվելով առիթից, պղտորում էին մթնոլորտը, անվստահություն  սերմանում կառավարության հանդեպ, ընդհուպ՝ իրար դեմ հանում գյուղացիներին։ Հիմա, ասում են, երբ սահմանազատումից հետո խաղաղություն է հաստատվել, կարիք ունեն ներքուստ էլ խաղաղվելու, որպեսզի խաղաղության զգացումը լիարժեք լինի։    

  

Հեղինե Մանուկյան