Ընդդիմության վայնասունը չի աշխատելու, փողը ժամանակին «քերել են» իրենք. ԵՄ-ն ընտրություններին ընդառաջ կօգնի Հայաստանին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ հիբրիդային սպառնալիքները մի քանի աղբյուրից են, բայց առաջին հերթին՝ Կրեմլից: «Պուտինի ռեժիմի կարկառուն ներկայացուցիչները ամեն հարցի հետ կապված անպայման արձագանքում են՝ հատկապես ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման հետ կապված։ Երկրորդ աղբյուրը  Ադրբեջանն է։ Իհարկե կարող են որոշակի խնդիրներ նաև  ծագել Անկարայից, որոշ առումով նաև Իրանից՝ TRIPP-ի հայտնի նախագծի հետ կապված, որովհետև ամերիկյան ներկայությունն այնուամենայնիվ չի կարող ողջունվել Իրանի կողմից»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի այն հայտարարությանը, թե ԵՄ-ն սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանին օգնություն կտրամադրի հիբրիդային գրոհներից խուսափելու համար։


Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ պետք է նկատի ունենալ նաև ներհայաստանյան պրոքսիներին, հատկապես պուտինյան ռեժիմի հպատակներին. «Նրանց համար Կրեմլից եկող սպառնալիքները անտեսվում են, ավելին՝ նույնիսկ խրախուսվում։ Իհարկե, խոսույթով ու իրենց դիրքորոշումներով ակնհայտ դեմ են արտահայտվում Բաքվի ռեժիմի հիբրիդային գործիքակազմին, բայց անտեսում են, որ Կրեմլն ու Բաքուն շատ լավ համագործակցված են աշխատում հիբրիդային սպառնալիքների իրականացման առումով»։


Նրա դիտարկմամբ՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ի տարբերություն նախորդ ընտրությունների, առանձնանում են հենց այն հանգամանքով, որ դրանք իրապես հանգուցային նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնիշխան պետություն լինելու հարցում: «Ունենալով Մոլդովայի օրինակը՝ եթե չեն կարողանում իրականացնել իրենց ցանկալի իշխանափոխությունը, ապա առնվազն պետք է ձգտեն, որ ընդհանրապես ընտրության ինստիտուտը դելեգիտիմացվի, ստեղծվի անկայուն վիճակ, ու փորձեն այդ անկայուն վիճակում իրենք կառավարել, որովհետև այլ գործիքներ չունեն»,- եզրափակեց նա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան