Կաթողիկոսի` միասնության պարտավորեցնող պաշտոնը և հիմնարար գործառույթները


Աստվածաբանության դոկտոր Տեր Աբել  քահանա Մանուկյանը հանդես է եկել հրապարակմամբ, որը ներկայացնում ենք ստորև․

Եկեղեցական պաշտոնների և դրանց աստվածաբանական նշանակության հիմնահարցի ուսումնասիրությամբ եկեղեցաբանությունը զբաղվում է իր կազմավորման ամենավաղ շրջանից ի վեր: Եկեղեցական տարբեր ավանդույթներում առկա առաջատար պաշտոնները (լինի այն Հռոմի պապի, պատրիարքի կամ կաթողիկոսի) թելադրում են իրականացնել մի գերազանց պարտականություն՝ պահպանել եկեղեցու տեսանելի միությունը, երաշխավորել քրիստոնեական ուղղափառ վարդապետության պահպանումը և ամրապնդել հավատացյալ դասին՝ Քրիստոսին աշակերտելու և հետևելու հանձնառության մեջ:


Չնայած եկեղեցիների միջև առկա հաստատութենական և կառուցվածքային տարբերություններին՝ այս պաշտոնները կապված են ընդհանուր հոգևոր մտահղացմամբ, որի նպատակն է եկեղեցին պահպանել առաքելական հաջորդականության մեջ և իրագործել մի ծառայություն, որ հիմնված է ոչ թե իշխանության, այլ հոգևոր-բարոյական պատասխանատվության վրա:


Հայ առաքելական եկեղեցին վերոնշյալ հոգևոր պատասխանատվությունը կենտրոնացրել է հիմնականում կաթողիկոսի պաշտոնում՝ տասներկու եպիսկոպոսների կողմից նրան շնորհված ձեռնադրությամբ, ծիսական հատուկ օծմամբ, նաև այն առանձնահատուկ ուխտով, որով ընտրված կաթողիկոսը իր ձեռնադրության և օծման առթիվ ներկայանում է ողջ հայ ժողովրդին՝ Հայ եկեղեցու հոգևոր և աշխարհիկ դասերին:


Հայ առաքելական եկեղեցու ավանդության համաձայն՝ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ եկեղեցու միության տեսանելի խորհրդանիշն ու երաշխավորն է: Փաստորեն՝ կաթողիկոսի պաշտոնը գերազանցապես մեր Եկեղեցու միության և նրա անդամների հավատի միասնության պահպանության ծառայությունն է: Ասվածի բովանդակ արտահայտությունն է այն ուխտադրությունը, որ կատարվում է կաթողիկոսի ձեռնադրության և օծման արարողությունից անմիջապես առաջ:


Ինչպես իր երանաշնորհ նախորդները, այնպես էլ Գարեգին Բ. կաթողիկոսը, 1999 թ. նոյեմբերի 4-ին Միածնաէջ սուրբ խորանում ընթերցեց «ի լուր ամենեցուն զթուղթ ուխտի իւրոյ եւ խոստման»՝ այսպես կոչված՝ ուխտագիրը՝ խոստանալով ստանձնել այն վեհագույն պատասխանատվությունը, որ վերապահված է Ամենայն հայոց կաթողիկոսին: Ստորև ներկայացնում եմ ուխտագրի աշխարհաբար թարգմանությունը.


«Ես` Քրիստոսի ծառա Գարեգինս, որ եմ Արարատյան թեմի եպիսկոպոս և Էջմիածնի սուրբ ուխտի միաբան, Աստծո կամքով և ողջ հայ ազգի ընտրությամբ՝ կոչված եմ Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնին: Ապավինելով Բարձրյալի շնորհների օգնությանը` սուրբ սեղանի և աստվածընկալ նշանների առջև ուխտ եմ անում` ստանձնելով Հայաստանյայց եկեղեցու եպիսկոպոսապետի պաշտոնը` անմնացորդ նվիրումով անձս ընծայել աստվածադիր օրենքների և կաթողիկոսական պարտավորությունների անխափան կատարմանը, առաջնորդել հայ ազգին` ըստ քրիստոնեական կրոնի ուղղափառ վարդապետության, մեր եկեղեցու դավանության և հայրապետների աստվածպաշտության կարգուկանոնի, անխոտոր ընթանալ սուրբ առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի և սուրբ Գրիգոր Երկրորդ Լուսավորչի արժանավոր ժառանգների լուսաշավիղ ճանապարհով` զգուշությամբ պահպանելով Հայաստանյայց Մայր աթոռի իրավունքները»:


Հարկ է վեր հանել այս ուխտադրության մեջ ներկայացված կարևորագույն կետերը. ա. Պաշտոնին կոչվելը.


Կաթողիկոսն ընդունում է, որ իր կաթողիկոսական ընտրությունը կատարվել է «Աստծո կամքով և հայ ազգի ընտրությամբ»:


բ. Եպիսկոպոսապետական (կաթողիկոսական) պաշտոնի ընդունումը.


Սուրբ խորանի առջև հայտնում է իր պատրաստակամությունը՝ ընդունելու Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնը:


գ. Աստվածային շնորհին ապավինումը.


Իր հետագա գործունեությունը հիմնում է Բարձրյալի շնորհների և օգնության վրա:


դ. Անձնուրաց նվիրվելու պարտավորություն.


Իր անձն անմնացորդ նվիրում է աստվածային օրենքների և եկեղեցական պարտավորությունների կատարմանը:


ե. Ուղղափառ վարդապետության պահպանում.


Խոստանում է հայ ժողովրդին առաջնորդել քրիստոնեական ուղղափառ վարդապետության, Հավատո հանգանակի և Հայ եկեղեցու ծիսակարգի համաձայն:


զ. Հավատարմություն առաքելական ավանդության հանդեպ.


Ուխտ է անում ընթանալ սուրբ առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի, ինչպես նաև սուրբ Գրիգոր Երկրորդ Լուսավորչի «լուսաշավիղ ճանապարհով»:


է. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի իրավունքների զգուշավոր պահպանություն: Ստանձնում է Մայր աթոռ Սբ. Էջմիածնի իրավունքները, հեղինակությունն ու ամբողջականությունը բարեխղճորեն պահպանելու պարտավորությունը:


Արդարև, չափազանց կարևոր այս ուխտագրին են առնչվում կաթողիկոսի հոգևոր պատասխանատվության հետևյալ գործառույթները. ա. Հայ առաքելական եկեղեցու միություն.


Սա այն տեսանելի կապն է, որ միավորում է Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայ հավատացյալներին, որոնք ավազանի սուրբ մկրտությամբ անդամակցված են Հայ առաքելական եկեղեցուն՝ քրիստոնեական հավատի միության մեջ:


բ. Հովվապետ և հայրապետ.


Հովվապետ տիտղոսն ինքնին շնորհում է հովվելու և առաջնորդելու ամբողջական առաքելություն, իսկ հայրապետ կոչումը՝ բանավոր հոտի հոգևոր հոր դերակատարում, որ ենթադրում է հայրական սիրո և հոգատարության ցուցաբերում:


գ. Ուղղափառ վարդապետության ուսուցչապետ.

Կաթողիկոսի հեղինակավոր խոսքը մեծ կշիռ ունի, երբ ասելիքը վերաբերում է Եկեղեցու ուղղափառ վարդապետության, բարոյականության և Ավետարանի պատգամների համաձայն ապրելակերպի հարցերին:


դ. Հույսի և կողմնորոշման խորհրդանիշ.


Մեծ է կաթողիկոսի՝ որպես հոգևոր առաջնորդի և հեղինակության դերը հատկապես բարդ և դժնդակ ժամանակներում: Նա իրեն վստահված Թորգոմա տունը ոգեշնչում է կենսատու հույսով և իր հայկազուն հոտը զորացնում խորհրդով, «բանիւ եւ գործով»՝ կյանքի դժվարին փորձությունները հաղթահարելու համար:


Վերոնշյալ գործառույթների հետ է կապված նաև կաթողիկոսի հիմնարար առաքելությունը, մասնավորապես.


ա. Ավետարանի և Բանին կենաց քարոզումը՝ խոսքով, գործով և հատկապես սեփական կյանքի արժանահավատ և լիարժեք վկայությամբ:


բ. Հայ եկեղեցու և նրա հավատավոր հոտի ուխտի միաբանության պահպանումը ոչ միայն Եկեղեցու ներսում, այլև քրիստոնեական այլ դավանությունների և հարանվանությունների հետ երկխոսության մեջ:

գ. Աղքատների, հասարակությունից մեկուսացածների, տկարների իրավունքների պաշտպանությունը և նրանց նկատմամբ գործուն կարեկցանքը՝ Ավետարանի ոգով:


դ. Խաղաղության և արդարության հաստատման գործի սատարումը, որովհետև կաթողիկոսի խաղաղարար խոսքն ու արդարադատ հորդորը ոչ միայն սեփական հոտի, այլև պետության համար հոգևոր-բարոյական մեծ կշիռ ունեն, և խղճի ձայնն են:


ե. Հիսուս Քրիստոսին և նրա հավատավոր հոտին ծառայելը, ինչպես նկարագրվում է հայրապետական կոնդակներում՝ «Ծառայ Յիսուսի Քրիստոսի»։ Սա կաթողիկոսի ամենագեղեցիկ կոչումն է: Առաքելավանդ այս տիտղոսի վեհությունը պարզապես այն կրելու մեջ չէ, այլ նրա հետ նույնանալու և քրիստոնեական այս գեղեցկագույն հանձնառությունը իրագործելու մեջ:


Սակայն, կաթողիկոսական պաշտոնի հանձնառությամբ բացահայտվում է լուրջ լարվածություն պաշտոնի կատարյալ առաքելության և իրատեսական գործադրման միջև. մի կողմից կաթողիկոսը նկարագրվում է որպես առաքելական իրավահաջորդության, քրիստոնեական ուղղափառ վարդապետության և Հիսուս Քրիստոսին հավատացողների միության երաշխավորը, մյուս կողմից՝ «աստվածադիր օրենքների և կաթողիկոսական պարտավորությունների անխափան կատարման» և «Մայր աթոռ Սբ. Էջմիածնի իրավունքների զգուշավոր պահպանման» խիստ շեշտադրումը ենթադրում է սեփական իշխանության հնարավոր չափազանցում, որ մշուշապատում է հոգևոր պատասխանատվության և նվիրապետական իշխանության իրականացման միջև առկա սահմանագիծը:


Այստեղ աստվածաբանական հարց է ծագում. արդյո՞ք նման համապարփակ ընկալվող Հայ եկեղեցու բարձրագույն ղեկավարի պաշտոնը, որի պահանջը բխում է աստվածային կոչումից, ժողովրդական ընտրությունից և պատմական ավանդությունից, բավարար կերպով վերահսկվում է Հայ եկեղեցու ժողովական, թեմական, համայնքային և աստվածաբանական հստակ մեխանիզմներով՝ չարաշահումները, սխալ որոշումները կամ դավանաբանական թյուր զարգացումները կանխարգելելու նպատակով:

Չնայած նրան, որ ուխտագրում շեշտվում է Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, ինչպես նաև սուրբ Գրիգոր Երկրորդ Լուսավորչի իրավահաջորդության հանգամանքը, այնուամենայնիվ, անհասկանալի է մնում, թե ինչպե՞ս կարելի է առաքելական ավանդության հանդեպ հավատարմությունը ձեռք բերել և այն վերահսկել:

Կաթողիկոսական պաշտոնի կատարելացված նկարագրության և կառուցվածքային պաշտպանության միջոցների բացակայության միջև այս անհամապատասխանությունը կարևորագույն հիմնահարց է. հավատի միասնությունը կախված է ոչ միայն Ամենայն հայոց կաթողիկոսի անձնական հավատարմությունից, այլև իշխանության ոչ միանձնյա, այլ հավաքական գործունեության և աստվածաբանական հաշվետվության միջև եկեղեցականորեն կենսունակ հավասարակշռությունից:


Արդյոք նյութական գործարքներից և սրանց հետ առնչվող մեծագումար շինարարություններից դուրս՝ սեփական ուխտադրության մեջ նշված կաթողիկոսական հոգևոր պատասխանատվությանը, պաշտոնին և գործառույթներին առնչվող վերոնշյալ կետերից որևէ մեկը կարողացա՞վ իրականացնել Գարեգին Բ-ն, դժվար է ասել: Պատասխանատու հարցադրման հստակ պատասխանը պատմությունն է տալիս, իսկ հանրությունը՝ դատում: Սակայն կաթողիկոսական պաշտոնի ամենաէական գործառույթը, այլ խոսքով՝ հոգևոր պատասխանատվությունը, որ փաստացիորեն անկատար մնաց, Հայ առաքելական սուրբ եկեղեցու միությունն է: Այս ցանկալի միությունը ոչ թե նախապես գոյություն չուներ, այլ Եկեղեցին զարմացնող անխոհեմությամբ օրեցօր ներգրավվեց ներքաղաքական պայքարների դաշտ՝ հանրության մեջ լարվածություն ստեղծելով ոչ միայն ուղղակի Հայոց պետականության գործող իշխանության դեմ, այլև հենց իր նվիրապետական դասի և հավատացյալ շրջանակների միջև:


Փաստորեն՝ Եկեղեցին՝ իր վերնախավով, դարձավ եկեղեցական կյանքում պառակտումներ առաջացնող և հերձվածների ստեղծման պատճառ հանդիսացող գայթակղություն:

Բնավ հարկ չկար, որ Հայ առաքելական եկեղեցին դրսի հրահանգներով վտանգավոր արկածախնդրությունների նշավակ դառնար, որ օրհնություն չի բերում ո՛չ մեր Եկեղեցուն, ո՛չ էլ Հայաստանի և Սփյուռքի ժողովրդին: Հիսուս Քրիստոսի սիրո և քրիստոնեական հավատի միլիոնավոր նահատակներ ունեցող մեր բազմաչարչար ժողովուրդը նվաստացուցիչ այսպիսի օրերի՞ էր արժանի...: Հազա՜ր ափսոս, որ մեր Մայր և Սուրբ եկեղեցու հեղինակությունն այսպես վայրապար ընկավ հայ հավատացյալների աչքում: Եվ միակ պատասխանատուն Գարեգին Բ. կաթողիկոսն է՝ գլխավոր պատճառը անցած 26 տարիներին և հատկապես վերջին շրջանում եկեղեցական կյանքում առաջացած տարատեսակ խախտումների և հոգևոր-բարոյական սայթաքումների:


Ոչ պակաս կարևորագույն խախտում պետք է նկատել նաև «քրիստոնեական կրոնի ուղղափառ վարդապետությունը» անխաթար կերպով պահելու և պահպանելու մեջ թերացումը, որ կաթողիկոսական ուխտադրության և Միածնաէջ սուրբ խորանի առջև տրված խոստման էական բաղկացուցիչներից է: Այս խորապատկերում պետք է դիտարկել այն ցնցող վկայությունը, որ տվեց Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արք. Քարամյանը, երբ Գարեգին Բ.-ն, ի պատասխան նրա առաջարկի, հայտարարեց.


«Ես չեմ կարող Արշակին հեռացնել, Արշակի հեռացումը կնշանակի Հայ եկեղեցու կործանում»։


Խոսքը Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արք. Խաչատրյանի մասին է, որ հանրությանը քաջածանոթ դարձավ սոցիալական ցանցերում շրջանառվող հոգևորականի վարքագծին հույժ անվայել տեսագրությամբ: Այս առնչությամբ որոշ եպիսկոպոսներ, այդ թվում՝ վերոհիշյալ Կոտայքի թեմի առաջնորդը, կաթողիկոսին խնդրել էին կատարված սրբապղծության համար առնվազն նրա ծառայության ժամանակավոր կասեցումը:


Արդարև, ոչ միայն Արշակ Խաչատրյանի՝ տեսագրությամբ ապացուցված արարքն է սրբապղծություն, այլև՝ կաթողիկոսի վերոնշյալ հայտարարությունը՝ հերետիկոսություն, քանզի Հայ եկեղեցին հաստատված է Հիսուս Քրիստոսի հավատի, Ավետարանի վարդապետության և Եկեղեցու սրբազան ավանդության վեմի և ոչ թե՝ ինչ-որ դիվանապետի անձի վրա: Որևէ անհատի, թեկուզ չար հրեշտակների ներկայացուցչին, հնարավոր չէ աստվածային ստորոգելիներ վերագրել և նրան հայոց հավատի սրբության բարձունքին բարձրացնել այնքան, որ նրա հեռացումը Հայ եկեղեցու կործանում նշանակի:


Հայոց պատմության փոթորկալից օվկիանոսում ամենաամեհի կոհակներն անգամ չկարողացան խորտակել Հայ եկեղեցու նավը՝ ո՛չ պարսիկը, ո՛չ բյուզանդացին: Արաբի մահիկը, մոնղոլն ու թաթարն՝ իրենց աշխարհակործան և արնախում ասպատակումներով, նույնիսկ ցեղասպան թուրքը չկարողացան մարել հայոց հավատի կանթեղի մեջ առկայծող ճրագը, որ բարեշունչ ժամանակներում միշտ վերածվեց ջերմեռանդության բոցավառ հրի, քանզի այն վառվում էր ոչ թե նյութեղեն, այլ քրիստոնեական հավատի, սրբության և պաշտամունքի նվիրումի կրակից, որ հոգուց է բխում, սրտով նվիրագործվում և առ Աստված ընծայվում:


Այս պատասխանատու թերացումը ոչ միայն աններելի է, այլև մատնացույց է անում կաթողիկոսական ուխտադրությանն ու խոստմանը ներհակ գործելաոճ, որ ամենևին չի նույնացվում կաթողիկոսի կոչման և առաքելության հետ:


Մեր Մայր և Սուրբ եկեղեցին և հավատավոր ժողովուրդը հնարավորինս շուտ պետք է թևակոխեն նոր ժամանակաշրջան՝ հաշտարար սիրով, վառ հույսերով և բոլորանվեր


հավատով՝ իրագործելու համար հայոց դարձի և սուրբ Գրիգոր Երկրորդ Լուսավորչի համայն ազգին ուղղված հորդորը.


​«Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ.


քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»։

Ժնև, 13 դեկտեմբերի, 2025

Հակոբ Մծբնա հայրապետի,

Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի տոնին