Հաղարծինի վանքի լուսարարապետ
տեր Տարոն քահանա Հունանյանի
հետ զրուցել ենք որոշ եկեղեցականների ու իշխանության միջև գնալով սրվող հակամարտության,
եկեղեցում տիրող իրավիճակի և Կտրիճ Ներսիսյանի հեռացման մասին։
«Բնականաբար, ոչ մեկի համար ցանկալի
չեն այս միջադեպերը. շատ տգեղ է և՛ մեր ազգի, և՛ մեր պետության համար, բայց իրականությունը
ցույց է տալիս, որ դրա կարիքը կա, եթե առաջացել է: Եթե ամեն ինչ հաշտ լիներ, համահունչ
լիներ կամ տանելի, բնականաբար, այս խնդիրները չէին առաջանա։ Մենք բոլորս տեսնում ենք
այն ամենը, ինչ կատարվում է, գրեթե բացահայտ է, հայտարարվում է, ասվում է, նույնիսկ
պետության ամենաբարձր ամբիոններից։ Մենք էլ մեր ասելիքները մշտապես ասում ենք, չենք
թաքցնում։ Ես կարծում եմ՝ ինչ լինում է, Աստծու
կամքով է լինում, և Աստծու կամքով պիտի եկեղեցում լինի այնպիսի միջավայր, այնպիսի կյանք,
որը համահունչ լինի եկեղեցուն»,- ասաց տեր Տարոնը։
Խոսելով այն մասին, թե ինչպիսի
վերաբերմունք են դրսևորել իր հանդեպ մինչ այս իրադարձությունները, տեր Տարոնը տեղեկացրեց,
որ որոշ ժամանակ առաջ, երբ իրեն ծառայության են ուղարկել մի վայր, որտեղ իր երեխայի
առողջական վիճակը՝ կապված կլիմայի հետ, կարող էր
սրվել, Կտրիճ Ներսիսյանն իրեն չի ընդառաջել և չի հավատացել, թեև բարձրացված
խնդրի վերաբերյալ ստուգումներ իրականացրել են և պարզել, որ ինքը ճիշտ է ասում։
«Նույնիսկ այդքան ստուգումներից
հետո ես ասում էի, որ այն բնակավայրում, որտեղ ես պիտի ծառայեմ, լողավազանի կարիք կառաջանա,
որպեսզի իմ երեխան կարողանա այցելել լողավազան, թոքերը վարժեցնել, որ աշխատեն, այդ
հիվանդության համար դա բուժում է, կաթողիկոսն ինձ ասում էր՝ թող գնա Սևանա լճում լողանա,
կարծես ծիծաղում էր ինձ վրա։ Եվ երբ իր խոսքը եզրափակում էր, ինձ ասաց, որ այդ խնդիրները
իմ կինն է հարուցել և ուզում է Ռուսաստան գնալ։ Եթե նա քեզ հետ չգա ծառայության, ես
քեզ հնարավորություն կտամ գնալ նորից ամուսնանալ։ Այսպես էր ինձ ուղղորդում հայոց հայրապետը»,-
հավելեց տեր Տարոնը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան