Որքան ձգվում է Կտրիճ Ներսիսյանի տուն գնալը, այնքան սրվում է իրավիճակը

2018-ին ՀՀ-ում կառավարող քաղաքական իշխանության դեմ իրականացված գործընթացը, երբ բազմաթիվ քաղաքացիներ դուրս եկան փողոց ու տուն ուղարկեցին նրանց, հայելային էֆեկտով այսօր տեղի է ունենում նաև որոշ եկեղեցականների նկատմամբ։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում հայտարարեց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ մանրամասնելով. «Վերջին տարիներին մի շարք եկեղեցականների գործելաոճը, պահվածքը մարդկանց մոտ անհանգստություն են հարուցում, որը ինչ-որ կերպ պետք է արտահայտվի։ Մարդիկ այսօր, այո, գնալու են իրենց կուտակված անհանգստությունը հայտնելու։ Այս ամենը տեղի չէր ունենա, և եպիսկոպոսների հայտարարությունն էլ չէր արվի, եթե կաթողիկոսը, ընկալելով այս գործընթացները, գնար տուն։ Որքան ձգվում է նրա տուն գնալը, այնքան ավելի է սրվում իրավիճակը։ Բոլորս էլ գիտենք, որ խնդիր կա, և այն պետք է հանգուցալուծում ստանա՝ եկեղեցին պետք է մաքրվի,  մենք մեր երեխաների հետ ամեն կիրակի պետք է գնանք եկեղեցի, պատարագի մասնակցենք, համոզված լինենք, որ եկեղեցին, սուրբ կառույց լինելով, իր սուրբ առաքելությունն է մատուցում»։

Խոսելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրից հետո Սյունիքում իշխող տրամադրությունների մասին՝ սյունեցի պատգամավորը նկատեց. «Սյունեցիներն են ամենաառաջինը գիտակցում խաղաղության կարևորությունը և շատ գնահատում են։ Նախկինում,  երբ շփվում էի իմ համերկրացիների հետ, մեր քննարկումների թեման էսկալացիան էր, դիրքերը, սահմանային անհանգստությունը, կրակոցները, իսկ այժմ մենք տնտեսական հարցեր ենք քննարկում, մասնավոսրապես՝ TRIPP-ի կյանքի կոչմանը վերաբերող»։ Օգոստոսի 8-ի համաձայնությունները ու հատկապես խաղաղության փաստաթղթի նախաստորագրումը, ըստ պատգամավորի, անխոս, արտացոլվելու են  2026-ի ընտրությունների քվեարկության պատկերի վրա։


Իսկ ի՞նչ օրակարգով է ընդդիմությունը մասնակցելու գալիք ԱԺ ընտրություններին, մասնավորապես «Արցախը հետ բերելու», «Արցախ վերադառնալու» օրակարգը, որը  գեներացնում են ընդդիմադիր մի շարք ուժեր, ակտուալ, աշխատո՞ղ է։ Ըստ պատգամավորի՝ նման օրակարգը ժամանակավրեպ է, մարդկանց էմոցիաների վրա խաղացող ընդդիմությունն էլ՝ «մինչև քոք» մաշված։ 

 

Դավիթ Դանիելյանի հետ մեր զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։