Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ զրուցել ենք երեկ Մայր Աթոռում տեղի ունեցածի, Կտրիճ Ներսիսյանի հեռացման և եկեղեցու շուրջ ընթացող գործընթացների մասին։
Նա նշեց, որ տասը եպիսկոպոսներից երեքը ստացել էին
կաթողիկոսի տնօրինությունն առ այն, որ ազատված են Գերագույն հոգևոր խորհրդի անդամի
պաշտոնից, և հայտարարությամբ են հանդես եկել, որ դա կանոնական չէ, որովհետև չի համապատասխանում
եկեղեցական ներկայացուցչական հանձնաժողովի կանոնադրությանը, ինչպես նաև ԳՀԽ-ի կանոնադրությանը,
և տնօրինության մեջ չէր նշվում հիմքը, թե ինչ հիմքով են իրենց ազատել։
«Ու էս զարգացումների համատեքստում մեր ազատումը
բնականաբար, մի մեկնաբանություն ունի՝ պատիժ։ Այսինքն՝ մեզ պատժում են նրա համար, որ
մենք հարց ենք բարձրացրել, և հարցը բարձրացված է կանոնական դաշտում։ Հիշում եք վստահաբար,
թե ինչից սկսվեց խնդիրը. խնդիրը սկսվել է Արշակ սրբազանին վերագրվող անպարկեշտ բնույթի
տեսանյութերից։ Մենք տևականորեն վեհափառի առջև հարց ենք բարձրացրել, որ պետք է պատասխան
տալ էս ամեն ինչին, քանի որ սա հանրային տեղեկատվության է վերածվել»,- ասաց Գևորգ սրբազանը։
Հարցին, թե արդյոք իր համար սպասելի՞
էին եկեղեցու բակում տեղի ունեցած զարգացումները, երբ մի կողմում իրենց աջակիցներն էին, մյուս կողմում՝ ընդդիմությունը,
սրբազանն ասաց, որ արդեն ամեն ինչ էլ սպասելի է, երբ որ տեսնում է, թե իրենց հանդեպ
ինչ ռեսուրսներ են օգտագործվում, ֆեյքերի բանակներ, լրատվամիջոցներ, և հայտնի է, թե
այդ լրատվամիջոցներն ինչպես են մոտիվացվում։
«Ինչպես ես հավատամ մի խմբագրի հայրենասիրությանը, երբ որ անհայտ կողմնորոշման մարդկանց գտնում բերում են տաղավար ու էդ մարդկանց միջոցով մեզ ամենավերջին բաներն են ասում։ Ու էդ մարդը խոսում է ազգային արժեքներից, եկեղեցին փրկելուց։ Ուրախ եմ, որ մարդկանց ավելի լավ եմ ճանաչում։ Դա իրենց խնդիրն է։ Ամեն ինչ սպասում եմ։ Երեկվա իրադարձություններից էլ ես այդքան զարմացած չեմ։ Բերել էին մարդկանց, որոնք պարզապես այդտեղ էին գտնվում սադրելու համար»,- հավելեց սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան