ԱՄՆ և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը կանցկացվի այսօր և վաղը Մայամիում

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը կանցկացվի դեկտեմբերի 19-ին և 20-ին Մայամիում: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:


Նշելով, որ ռուս - ուկրաինական հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն դիվանագիտական ճանապարհով, Ռուբիոն ասել է, որ դիվանագիտական կարգավորումը ենթադրում է փոխադարձ զիջումներ, երբ երկու կողմերն էլ «ինչ-որ բան տալիս են և ինչ-որ բան ձեռք բերում»: Միացյալ Նահանգների խնդիրն է, ըստ նրա, հասկանալ, թե «ինչ կարող են կորցնել Ռուսաստանը և Ուկրաինան և ինչ են նրանք ակնկալում ստանալ»: Ընդ որում, ընդգծել է պետքարտուղարը, որոշումն ընդունելու են Մոսկվան և Կիևը, իսկ Վաշինգտոնը հանդես է գալիս որպես միջնորդ:


«Կարծում եմ՝ մենք հասել ենք առաջընթացի, սակայն դեռ շատ բան պետք է արվի: Ակնհայտ է, որ բարդագույն խնդիրները միշտ վերջինն են լուծվում», - նշել է Ռուբիոն:


Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների անցկացնելիք խորհրդակցությունների մասին հայտնել է նաև Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը: