Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համար սպասելի չէր, որ ԱԱԾ-ն, որոշելով բացահայտել ՊԱԿ-ի հետ գործակցած գործիչներին, կբավարարվի միայն դրանցից մեկին բացահայտելով՝ խոսքը Նոր Նախիջևանի և ՌԴ հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի մասին է։ «Սպասելի չէր այն իմաստով, որ ԱԱԾ-ն նման հատային՝ անհատական բացահայտում կանի։ Իսկ հիմա է՞լ ում մասով պետք է առանձին-առանձին հարցում կատարենք, որ ստանանք ԱԱԾ-ի բացահայտումը»,- նկատեց իրավապաշտպանը։
Ա. Սաքունցի կարծիքով՝
ցանկացած օտար պետության անվտանգային մարմինների հետ համագործակցելը կամ առնվազն հավաքագրվելը
պետք է հանդիսանա քրեորեն հետապնդելի արարք։ «Հավաքագրվելը դեռ չի համարվում քրեորեն
հետապնդելի արարք։ Դա նույնն է, ինչ, ասենք, «սպանությունն» ու սպանության «սպառնալիքը»։
Այո, տարբեր պետությունների անվտանգային մարմինների հետ կարող է լինել համագործակցություն,
բայց միայն անվտանգային մարմինների մակարդակով, որոնք ունեն գործառույթներ պայքարելու
այս կամ այն երևույթի դեմ՝ թմրանյութերի շրջանառություն, ահաբեկչություն, թրաֆիքինգ
և այլն։ Երևույթներ, որոնք երկու պետությունների համար հանդիսանում են ընդհանուր մարտահրավեր։
ՖՍԲ-ի կամ այլ հատուկ ծառայության կողմից հավաքագրվելը եթե հասարակական, քաղաքական
շրջանակների համար չի համարվում պարսավելի արարք, ապա դա նշանակում է, որ խոցելի է նաև քաղաքական, հասարակական համակարգը։ Որովհետև այդ քաղաքական ուժը եթե գալիս
է իշխանության կամ կոալիցիա ձևավորում, նշանակում է օտար պետության շահերը ներկայացնողը
ներգրավված է քո պետության կառավարման մեջ»։
Մեր զրուցակիցը նկատեց՝ 1991-ին՝ ՀՀ անկախացումից հետո, իշխանությունը իրավաքաղաքական գնահատական
չտվեց սովետական ռեժիմին։ Այդ գնահատականը պետք է ներառեր այն մեխանիզմների, ինստիտուտների
բացահայտումը, որոնց միջոցով հետապնդվել են այլախոհները, մարդիկ, որոնք զուտ իրենց
քաղաքական հայացքների համար ենթարկվել են ճնշումների,
բռնությունների, ազատազրկումների։ 2018 թվականի հեղափոխությունից հետո էլ չտրվեց հիշյալ
գնահատականը, ինչը, ըստ Սաքունցի, հանգեցրեց նրան, որ ԿԳԲ-ի հետ համագործակցությունը
բացասական չհամարվելու պայմաններում գործիչները շարունակեցին դերակատարում, ավելին՝
որոշակի ազդեցություն ունենալ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը նկատեց նաև, որ Եզրաս արքեպիսկոպոսը բացահայտորեն
աջակցել է Ուկրաինայի դեմ ՌԴ-ի ագրեսիային,
և մտահոգիչն այն է, որ սրա մասին ոչ ոք քննադատությամբ հանդես չի գալիս, չի համարում
պարսավելի արարք, արարք, որի համար նաև հիշյալ հոգևորականը շքանշան է ստացել։ «Պարզ
է, որ սիրուն աչքերի համար չեն տվել այդ շքանշանը։ Այսինքն՝ պատերազմական հանցագործության
մեջ մեղադրված ռեժիմին հոգևորականը աջակցում է, և սա «օքեյ» է, դրան ոչ ոք քաղաքական
գնահատական չի տալիս։ Եվ ընդդիմությունը, որը կասկածի տակ է դնում ԱԱԾ-ի հրապարակած
փաստաթղթի իսկությունը, ինչ կասի, դա է՞լ է անիսկական՝ երբ թեմի առաջնորդը օրը ցերեկով
շքանշան է ստանում, Ռուսաստանի հայերի միություն կոչեցյալի կազմակերպած միջոցառման
ժամանակ էլ «օրհնում» ու շնորհավորում են ՌԴ-ին մատուցած ծառայությունների համար։ Էստե՞ղ
ինչ փաստաթուղթ է պետք»,- նշեց Սաքունցը՝ հավելելով՝ պուտինյան ռեժիմը կանգնելու է
միջազգային քրեական դատարանի առաջ, որի շրջանակներում պատասխանատվության են ենթարկվելու
նաև այդ ռեժիմի բոլոր աջակիցները, այդ թվում՝ հիշյալ թեմի առաջնորդը։
Արթուր Սաքունցի հետ զրույցում անդրադարձել ենք նաև Եզրաս արքեպիսկոպոսի՝ ՊԱԿ գործակալ լինել-չլինելու մասին ազգային անվտանգության նախկին նախարար Սերժ Սարգսյանի հայտարարությանը
և այլ հարակից թեմաների։ Զրույցի ուշագրավ
մանրամասները՝ տեսանյութում։