Կանխիկը՝ էժան, քարտովը՝ թանկ․ Ո՞ր խանութը փակվեց վարչապետի հրահանգից հետո

Կառավարության վերջին  նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ վերջերս իր աշխատակազմի ներկայացուցիչները տեխնիկայի խանութում ապրանք գնելիս բախվել են մի իրավիճակի, երբ նրանց ասել են՝ եթե կանխիկով եք գնում, այլ գին է, եթե քարտով եք գնում՝ այլ գին։ Վարչապետը հրահանգեց փակել այդ խանութը։ Մեր տեղեկություններով՝ դա «Red Store» տեխնիկայի խանութն է։


Իհարկե, «Red Store»-ը միակ խանութը չէ, որ նման ձևով է աշխատում. մենք քաղաքացիներից պարբերաբար լսում ենք նման խոսակցություններ ամենատարբեր խանութների մասին, սակայն հասարակության ոչ բոլոր ներկայացուցիչները կբարձրաձայնեն կամ հետևողական կլինեն այդ խնդրի կարգավորման հարցում։ Հիմա, երբ արդեն վարչապետն է կառավարության նիստում հնչեցնում խնդրի մասին, տնտեսվարողների շրջանում անհանգստություն է նկատվում։   


Վստահաբար հիմա կգտնվեն մարդիկ, որոնք կսկսեն քննադատել վարչապետին, թե Ամանորի շեմին ինչպե՞ս կարելի է խանութներ փակել, բայց չի հնչում հարց՝ իսկ ինչպե՞ս կարելի  է նման ձևով խուսափել հարկերից, ինչպե՞ս կարելի է շրջանցել օրենքը։


Հետաքրքիր է՝ եթե վարչապետն այս մասին չբարձրաձայներ, այս և նման խանութները որքա՞ն էին շարունակելու այդպես աշխատել։


Այս պատմության մեջ ամենացավալին թերևս այն է, որ նման տնտեսվարողները վստահաբար իրենց առիթների  ժամանակ խմում են հայրենիքի կենացը, սակայն ամենասովորական հարկային պարտավորություններից փորձում են խույս տալ՝ չգիտակցելով դրա վնասներն ու վտանգավորությունը հենց նույն հայրենիքի համար, որի կենացը հոտնկայս խմում են։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան