Գյումրու բյուջեից 24 մլն դրամն ո՞ւմ տրվեց, եթե ինչ-որ մարդիկ են իրենց ձևով քաղաքը զարդարում. Հարությունյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի հրապարակած տեսանյութին, որում վերջինս նշում է, թե «մենակ չեն թողել գյումրեցիներին» ու զարդարում են քաղաքը, ինչպես նաև՝ տոնածառը:


«Գյումրու բյուջեից 24 մլն դրամն ինչի՞ համար և ո՞ւմ տրվեց, եթե այսօր ինչ-որ մարդիկ են իրենց ձևով քաղաքը զարդարելու հայտարարություններ անում:


Ո՞ւր են հատկացված գումարները, նախագծին կողմ քվեարկած հարգելի ավագանիներ:


Է՞լ ում տանն է նման իրավիճակ, որ տանտերը տոնական ծախսի ու զարդարանքի գումարը տա, բայց հարևանը գա տունն իր ուզած ձևով զարդարի:


Ձեր ձևերով Գյումրի թափանցողներ, բա որտե՞ղ էիք նախորդ տարի, գյումրեցու նկատմամբ այս բուռն սերը ո՞նց չարթնացավ 2024-ի տարեվերջին, երբ իրականում խնդիր կար:


Գյումրեցու հետ փողի լեզվով խոսելը, կյանք տեսած ու արժանապատիվ կենսագրություն ունեցող քաղաքին ոսկեգույն փայլով շլացնելու ձեր խղճուկ փորձը ամոթից զատ, բարոյական էլ չէ»,- գրել է Հարությունյանը: