Անհնարինը՝ հնարավոր․ Խաչատրյանները 15 տարի անց վերջապես լույս ունեն

Խաչատրյանների ընտանիքը 15 տարի ապրում էր այս տանը՝ առանց էլեկտրաէներգիայի։ Այսօր նրանց տանը վերջապես լույս վառվեց։ Աստծու լույսն էր՝ ասում է ընտանիքի մայրը։ 

 

Իրենց տանն էլ այսուհետ կլինեն այդ լույսիկներից։ Բացի հոսանքից, ՀԷՑ-ը՝ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ, նաև տոնածառ, լույսեր, խաղալիքներ ու սնունդ էր բերել Խաչատրյանների բազմանդամ ընտանիքին։


Հայկը ձմեռ պապից ավտոմեքենա էր ուզել, Աննան՝ խոսող տիկնիկ։ Իսկ ձմեռ պապը թե՛ դրանք, թե՛ այլ խաղալիքներ ու նվերներ էր բերել ընտանիքի պուճուրներին։


«Օգնենք անապահով ընտանիքներին» ֆեյսբուքյան խմբում է Ռոմանոս Պետրոսյանը տեսել ընտանիքի մասին պատմող տեսանյութը՝ ուղարկել ՀԷՑ աշխատակիցներին, հրահանգել զբաղվել տանը էլեկտրաէներգիա անցկացնելու, ինչպես նաև ընտանիքին՝ ՀԷՑ-ի համապատասխան միջոցներով փոքրիկ օգնություն տրամադրելու։


ՀԷՑ համապատասխան բաժինը անցնում է աշխատանքի, և երկու օր անց տանը արդեն հոսանք կա։


Ինչո՞ւ 15 տարի հնարավոր չի եղել տունը հոսանքով ապահովել։ Պատճառաբանություններ են բերվել, թե շինությունն ապօրինի է, ընտանիքը չունի գրանցում և այլն։


Տունը, որտեղ ապրում են Խաչատրյանները, տեր ունի։ Նախորդ տարի եկել են, ցանկացել վաճառել այն, բայց տեսնելով ընտանիքի վիճակը՝ մտափոխվել են, թույլ են տվել շարունակել ապրել այստեղ։


Բացի երեք անչափահասներից, տիկին Ռիման և իր ամուսինը նաև չափահաս երեխաներ ունեն։ Մեկն արդեն վերադարձել է զինվորական ծառայությունից, մյուսը զինվոր է։


Տիկին Ռիման ասում է՝ շատ տեղեր է դիմել էլեկտրաէներգիա քաշելու խնդրով, նախկինում էլ ՀԷՑ-ին դիմել է՝ մերժել են. մեր ուժերից վեր է՝ ասել են։


Բայց լավ մարդկանց շնորհիվ անհնարինը հնարավոր դարձավ։

 

Վոլոդյա Հակոբյան