Կտրիճը մահացու մեղքեր է գործել․ ՌԴ-ն ամենալավ վայրն է նրա համար, թող գնա

Բուլղարիայի Վառնա քաղաքի հոգևոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ զրուցել ենք Եզրաս Ներսիսյանի գործակալ լինելու վերաբերյալ ԱԱԾ բացահայտման, եկեղեցու շուրջ ստեղծված վիճակի և այս ամենի հանգուցալուծման մասին։


«Սա երբեք նորություն չի եղել, որովհետև մենք միշտ էլ իմացել ենք, միշտ էլ դա հասկացել ենք։ Այսինքն՝ դա ապացուցելու կարիք չկար, որովհետև ինչ է նշանակում՝ Եզրասը և իր ախպերը միշտ ստանում են շքանշաններ Պուտինից կամ ՌԴ-ից, իրենց ո՞ր առաքինության կամ ո՞ր առաքելության համար։ Անհնար է, որ դա լինի Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցուն լավ ծառայություն մատուցելու պատճառով, դա այդպես չէ, այլ պարզապես որովհետև իրենք լավ ծառայություն են մատուցում ՌԴ-ին և ԿԳԲ-ի մեջ էլ լավ ծառայություն են մատուցում օտար ուժերին, որպեսզի տկարացնեն Հայաստանը։ Իսկ այս փաստաթղթի բացահայտումը պարզապես մեկ էլեմենտ էր, որպեսզի փակեն նրանց բերանը, ովքեր ասում են՝ սուտ է, տենց բան չկա, դա բամբասանք է և այլն, և բացահայտվեց։ Այսինքն՝ ինձ համար ոչ մի կարևորություն չունի, որովհետև դա միշտ հստակ և բացահայտ է եղել»,- ասաց տեր Արմենը։


Նա նաև չբացառեց, որ եթե գլուխը գործակալ է, ենթադրաբար ինքը պետք է զինվորագրի նաև այլ անդամների այդ եկեղեցու մեջ։


Խոսելով նաև օրերս եկեղեցու դիմաց  տեղի ունեցած ակցիայի մասին, որին ինքը ևս մասնակցում էր, տեր Արմենն ասաց, որ ինքը  ամոթանք է տալիս Կտրիճ Ներսիսյանին, իրենք միշտ ամբաստանում են ներկա իշխանություններին, թե միջամուխ են լինում եկեղեցու ներքին գործերին, բայց մենք տեսնում ենք, որ իրենց ձեռքով, իրենց առաջարկով, իրենց կոչով մյուս քաղաքական ուժերը եկել էին, որպեսզի  պաշտպանեն Կտրիճին։


«Ումի՞ց պաշտպանեն, ախր մենք խուլիգաններ չենք, որ պիտի գնայինք ինչ-որ մեկին վնասեինք. մեր պարտականությունն այնտեղ շատ հստակ էր։ Այնպես որ, այդ դեպքից հետո ոչ ոք թող չասի, որ պետությունը միջամուխ է լինում եկեղեցու ներքին գործերին, որովհետև եկեղեցին ինքը տարբեր կուսակցական կառույցների միջամուխ է դարձնում եկեղեցու ներքին գործերին։ Հետևաբար, եթե տարբեր կուսակցական կառույցներ մուտք  են գործում եկեղեցու մեջ՝ կաթողիկոսի պահանջով, ինչու մեր հանրապետությունը կամ կառավարությունը, կամ մեր ուժային կառույցները  իրավունք պիտի չունենան մուտք գործելու այդ եկեղեցու ներքին կյանքի մեջ՝ նկատի ունենալով, ինչպես որ վարչապետն է ասում՝ ինքը այս եկեղեցու անդամներից մեկն է»,- հավելեց տեր Արմենը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան