Հանրային քննարկման է ներկայացվել Հանրակրթության պետական չափորոշչի փոփոխության նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություն կատարելու նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:


2025-2026 ուսումնական տարում հանրակրթության պետական չափորոշիչը ներդրվել է ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցների 1-11-րդ դասարաններում, իսկ Տավուշի մարզում՝ բոլոր դասարաններում։ Հաշվի առնելով նշված ժամանակահատվածում ԿԳՄՍ նախարարության, Կրթության տեսչական մարմնի, նախարարության ենթակա կառույցների իրականացրած մշտադիտարկումների և ստուգումների արդյունքները, ինչպես նաև հանարկթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների, սովորողների և ծնողների ներկայացրած առաջարկությունները՝ չափորոշիչը խմբագրվել է՝ այն դարձնելով առավել հստակ և ճկուն ուսումնական գործընթացի պլանավորման և կազմակերպման առումով։


Չափորոշչի ուսումնական բնագավառները, ծրագրերի բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեք), ինչպես նաև սովորողների ուսումնառության վերջնարդյունքները մնացել են անփոփոխ:


Նախագծով առաջարկվող փոփոխությունները համահունչ են ներառական ու զարգացնող միջավայրի, կրթական որակյալ բովանդակության ապահովման ռազմավարական նպատակին:


Փոփոխության հիմնական ուղղությունները՝

  • ուսումնական պլան կազմելու կարգավորումները՝ ավելի ճկուն,
  • ավագ դպրոցում հիմնական և նպատակային ծրագրերով կրթության կազմակերպման հստակեցում,
  • ուսումնական բնագավառներում ընդգրկված առարկաների որոշակի վերանայում,
  • կարգավորումներ մասնագիտացված և հատուկ դպրոցների վերաբերյալ,
  • սովորողի ծանրաբեռնվածության կառուցվածքի փոփոխություն:

Նախագծի քննարկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում կշարունակվի մինչև 2026 թվականի հունվարի 3-ը. կրթության ոլորտի մասնագետները, քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները կարող են ներկայացնել իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները: