Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ հերթական հանդպումն է կայացել բուժհաստատությունների ղեկավարների հետ` առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման թեմայով: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
«Նախ շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի, մեր ոլորտի համար կարևոր այս փուլի մեկնարկի առթիվ, որի կայացման ճանապարհը, իհարկե, հեշտ չի լինելու: Այո՛, կլինեն և՛ ընթացիկ, և՛ նոր խնդիրներ, բայց վստահ եմ` մեր համակարգն ունի ներուժ` մոբիլիզացվելու և լավագույն ծառայությունները մեր քաղաքացիներին մատուցելու: Այս բարեփոխումն իրականություն է դարձել նաև հանրության բնական պահանջի և մեր համակարգի նկատմամբ վստահության հիման վրա»,- նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում բուժկենտրոնների ղեկավարների հետ քննարկվել են բուժօգնության կազմակերպման ընթացիկ հարցեր, կարևորվել է քաղաքացիների հետ հաղորդակցության ապահովումը:
Հաշվի առնելով բարեփոխման բազմաշերտ և ընդգրկուն լինելը, ինչպես նաև դրա գործնական կիրառման ընթացքում հնարավոր խնդիրների առաջացումը` կիրականացվի շարունակական մշտադիտարկում, կապահովվի հետադարձ կապ, իսկ ծագող խնդիրներին տեղում լուծում տալու համար բուժկենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպումները կլինեն ամենամսյա։