Դատախազը դատարան է հանձնել Սամվել Մայրապետյանի եղբոր վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին իրավասու դատարան է հանձնել Գիտությունների ազգային ակադեմիայի «Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Ինստիտուտ) տնօրեն Խ.Մ.-ի (Խաչատուր Մայրապետյանի-խմբ.) և ևս 1 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:


«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Խ.Մ.-ն, 2013-2019 թվականների ընթացքում երեք ընկերությունների հետ կնքել է պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրեր, որոնց հիման վրա հաշվետու ժամանակահատվածում նրան վստահվել է ընդհանուր 14 միլիոն 676 հազար դրամին համարժեք 35 հազար 700 լիտր բենզին: Այնուհետև, Խ.Մ.-ն Ինստիտուտի ընթացիկ գործունեության, գիտարշավների և տեղական գործուղումների իրականացման պատրվակով, փոխտնօրենի և վարորդի օժանդակությամբ տարբեր ծավալի վառելանյութ է դուրս գրել, որը նպատակին չի ծառայել. աշխատակիցները գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ կատարելու կամ ինստիտուտի ընթացիկ գործունեության իրականացման համար անհրաժեշտ վայրեր մեկնել են սեփական միջոցներով:


Վերոնշյալ գործողությունների հետևանքով Խ.Մ.-ն հափշտակել է իրեն վստահված գույքը՝

պետությանը պատճառելով ընդհանուր 14 միլիոն 676 հազար դրամի վնաս:

Քրեական վարույթից բացի, Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում՝


  • Հայցադիմում է ներկայացրել դատարան՝ Ինստիտուտի Դիլիջանի փորձակայանի մասնավորեցումն անվավեր ճանաչելու պահանջով: Դատախազության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Խ.Մ.-ի հայրը՝ Ս.Մ.-ն (Ստեփան Մայրապետյան - խմբ.), ով մինչև Խ.Մ.-ի կողմից Ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար դառնալը եղել է նույն Ինստիտուտի տնօրենը, 2003 թվականին Դիլիջան համայնքի Պարզ լճի խճուղի հասցեում գտնվող՝ 6 հա մակերեսով հողատարածքն ապօրինի մասնավորեցրել է: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել է, որ ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1966 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ՝ Ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Դիլիջան համայնքի Պարզ լճի խճուղի հասցեում գտնվող 6 հա մակերեսով հողատարածքը: Կառավարության 2003 թվականի մարտի 20-ի որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման նախարարությանը թույլատրվել է Ինստիտուտի Դիլիջանի փորձակայանը (1 շենք՝ 296 քմ ընդհանուր մակերեսով, 3 ենթակառուցվածք՝ ընդհանուր 188,1 քմ ընդհանուր մակերեսով) վաճառել մրցույթով: 2003 թվականի օգոստոսի 12-ին անցկացվել է մրցույթ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել Ս.Մ.-ն և Է.Մ.-ն: Շենքի և ենթակառուցվածքների մրցույթով վաճառքի նվազագույն գին է սահմանվել 2 միլիոն 350 հազար դրամը: Ս.Մ.-ն առաջարկել է գնման համար 2 միլիոն 500 հազար դրամ, 1 միլիոն դրամ ներդրում՝ 3 տարվա ընթացքում և որպես լրացուցիչ պայման՝ գիտական անձնակազմի պահպանում: Մրցույթի մյուս մասնակիցն առաջարկել է գնման համար 2 միլիոն 700 հազար դրամ, 5 միլիոն դրամ ներդրում՝ 3 տարվա ընթացքում և որպես լրացուցիչ պայման՝ 2 տարվա ընթացքում 8 նոր աշխատատեղի ստեղծում:


Դատախազության ուսումնասիրության արդյունքում ներկայացված հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որով պարզվել է, որ մրցութային հանձնաժողովի որոշմամբ՝ մրցութային կարգի խախտմամբ հաղթող է ճանաչվել Ս.Մ.-ն:


  • Պարզվել է, որ 2004 թվականի ապրիլի 30-ին Ս.Մ.-ն Դիլիջան քաղաքի Պարզ լճի խճուղի հասցեում գտնվող՝ 62,67 քմ մակերեսով անշարժ գույքն առուվաճառքի պայմանագրով օտարել է Ա.Չ.-ին՝ 416 հազար դրամով, իսկ 2008 թվականի մարտի 31-ին, նույն անշարժ գույքն օտարվել է Ս.Մ.-ի որդուն՝ Խ.Մ.-ին: Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի գրության համաձայն՝ 3000 քմ, 2000 քմ և 1000 քմ մակերեսով հողամասերը, որոնք ընդգրկված են «Հատուկ պահպանվող տարածքների հողերի» կազմում և տրամադրված են Ինստիտուտին, անվանակոչվել են «Դարման» հանգստի գոտու, իսկ շինություններն օգտագործվել են որպես հանգստյան տներ:


Ս.Մ.-ի կողմից վերոնշյալ գույքն օրենքի խախտմամբ օտարելու հիմքով՝ Դատախազության կողմից նոր հայց է ներկայացվել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ 2003 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագիրը լուծելու և որպես հետևանք՝ Ս.Մ.-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջով»,- ասված է հաղորդագրությունում: