«Ավելի կարևոր, քան տիեզերքը». Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ԱԲ-ի զարգացումը՝ ի շահ պաշտպանության

Ռուսաստանի նախագահի և Անվտանգության խորհրդի մշտական անդամների ավանդական ուրբաթօրյա օպերատիվ խորհրդակցության թեման են դարձել երկրի պաշտպանության և անվտանգության շահերից բխող արհեստական բանականության (ԱԲ) զարգացման լրացուցիչ միջոցառումները։ Միջոցառման թեման Վլադիմիր Պուտինը հնչեցրել է հենց սկզբում։


«Մենք մի քանի հարց ունենք», - նշել է պետության ղեկավարը։ «Առաջինը՝ ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման շահերից բխող արհեստական բանականության զարգացման լրացուցիչ միջոցառումների մասին է»։


«Զեկուցողն է պաշտպանության նախարար Անդրեյ Ռեմովիչ Բելոուսովը», - խոսքը Պաշտպանության նախարարության ղեկավարին է փոխանցել նախագահը։


Խորհրդակցությանը, բացի Բելոուսովից, մասնակցել են Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ և քարտուղար Դմիտրի Մեդվեդևն ու Սերգեյ Շոյգուն, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն և նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱԴԾ (ФСБ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և Արտաքին հետախուզության ծառայության (СВР) ղեկավար Սերգեյ Նարիշկինը։


Այս խորհրդակցությանը հրավիրվել էր նաև Ռուսաստանի կառավարությունում թվային ոլորտը համակարգող փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար Դմիտրի Գրիգորենկոն։


Ռուսաստանի առաջնորդն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում արհեստական բանականության զարգացման թեմային։ Պուտինը բազմիցս նշել է, որ այս տեխնոլոգիայի զարգացումը, որն ավելի մեծ բեկում կլինի, քան տիեզերք դուրս գալը, պետք է լինի ներդաշնակ։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ ԱԲ-ի զարգացման արդյունքում ոչ մի դեպքում չպետք է ձևավորվի ինչ-որ «էլիտար խումբ», մինչդեռ մնացածը պարզապես «կոճակ կսեղմեն»։