Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ամանորի առթիվ։ Ուղերձի տեքստը հրապարակել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ЦТАК)։
ԿԺԴՀ առաջնորդը «ամենաջերմ և սրտագին շնորհավորանքներն» է փոխանցել Ռուսաստանի կառավարությանը՝ ի դեմս Պուտինի, ինչպես նաև «եղբայրական ռուս ժողովրդին»։ Կիմը նշել է, որ 2025 թվականին Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի հարաբերություններն ամրապնդվել են որպես «ամենաանկեղծ դաշնակցային» հարաբերություններ, իսկ երկրները միմյանց ցուցաբերել են լիակատար աջակցություն և անշահախնդիր օգնություն։ Նրա խոսքով՝ անցնող տարում Ռուսաստանն ու ԿԺԴՀ-ն «արյուն, վիշտ և ուրախություն են կիսել նույն խրամատում»։
«Այժմ ոչ ոք չի կարող խարխլել երկու երկրների ժողովուրդների հարաբերություններն ու համախմբվածությունը, որոնք ամուր կերպով միավորված են դարաշրջանի արդար ձգտումը պաշտպանելու և պատմությունը սրբագրելու ուժով ու կրքոտ կամքով», — նշել է Կիմ Չեն Ընը։
Հյուսիսկորեական առաջնորդն ընդգծել է, որ հպարտություն է զգում այն բանի համար, որ Պուտինի հետ միասին կերտում է «կորեա-ռուսական բարեկամության հավերժական բարգավաճման պատմությունը»։
«Արդարությունն ու ճշմարտությունը, հաղթանակն ու փառքը միշտ լինելու են Ձեր [Պուտինի] և Ձեր Ռուսաստանի կողքին», — հավելել է Կիմը։
Նա Ռուսաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ երկրի շահերի պաշտպանության գործում, իսկ ռուս ժողովրդին՝ երջանկություն և բարգավաճում։
Կիմ Չեն Ընի հեռագիրն ուղարկվել է դեկտեմբերի 27-ին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Պուտինը նույնպես շնորհավորել էր իր հյուսիսկորեացի գործընկերոջը գալիք Ամանորի առթիվ։