Եթե քաղաքական դատարկաբանությունն ու պրիմիտիվությունը տեսք ու անուն ունենային, ապա դրանց լավագույն կերպավորումը կլիներ «Մեր ձևով»-ի համակարգող Նարեկ Կարապետյանը։ Հուսանք՝ պարոն Կարապետյանը, որն արդեն ամիսներ շարունակ փորձում է քափ-քրտինք կտած գեներացնել կալանքի տակ գտնվող իր հորեղբոր՝ Սամվել Կարապետյանի քաղաքական ամբիցիաները, չի նեղվի մեր այս բնորոշումից, մեզ դատի չի տա իրեն վիրավորելու համար, բայց իրեն մի քիչ նեղություն կտա ու այսուհետ հանրային հայտարարություններ անելուց առաջ, այն էլ՝ քաղաքական թեմայով, քաղաքագիտության մի քանի գիրք աչքի կանցկացնի, մասնավորապես՝ քաղաքական առաջնորդության՝ լիդերության մասին գլուխները։ Օրերս՝ «Մեր ձևով» շարժման ամփոփիչ հավաքի ժամանակ երիտքաղգործիչն ապացուցել է, որ խեղաթյուրված, ծանծաղ ու պրիմիտիվագույն պատկերացում ունի առաջնորդության մասին, այլապես այսպես չէր բարբառի։ «Մեր երկրի ղեկավարը դրսում խելոք է, իր հիմնական կրեդոն «ասեք, անենք»-ն է, ով դրսից ինչ ասում ա, գալիս-անում ա։ Մի քիչ պարզեցնում եմ, բայց մեծ առումով դա է։ Իսկ ներսում ձևացնում է, թե ուժեղ է և բանտարկում է իր ընդդիմախոսներին։ Իսկական ղեկավարը դա նա է, ով դրսում ուժեղ է, դրսում քեզ պաշտպանում է, ինչ ասում են, հակառակն է ասում և բերում է դրան, որ համաձայնվեն իր հետ՝ առանց կոնֆլիկտի, իսկ ներսում մեծահոգի է իր ընդդիմության հետ։ Այդպիսի ղեկավար է մեզ պետք, որ՝ ներսում լինի քահանա, իսկ դրսում․․․․գիտեք ինչ»։ «Գիտեք ինչ» ասելով Նարեկ Կարապետյանը երևի նկատի ունի սատանային՝ վերարտադրելով հին հայկական ասացվածքի տրամաբանությունը։
«Քահանա-սատանա»-ի թեմային դեռ կանդրադառնանք։ Այժմ «դրսից ով ինչ
ասում է, անում է»-ին անդրադառնանք։ Նարեկ Կարապետյանը, մեզ մի պահ թվաց, որ լավ չի
հասկացել, թե ում եղբորորդին է և ինչ քաղաքական խաղեր է սպասարկում իր հորեղբոր անունից։
Բազում են վերլուծական նյութերը, որոնցում եզրակացվել է՝ Սամվել Կարապետյանը ՀՀ-ում
եկեղեցու պաշտպանության ներքո քողարկված քաղաքական
պրոցես է սկսել այն երկրի ցուցումով, որտեղ աճել ու բարգավաճել է որպես գործարար ու
դարձել միլիարդատեր։ Ասել են՝ ԱԺ ընտրություններից առաջ, ընդդիմադիր դաշտի ռեստարտի շրջանակներում մի բան արա, բզբզա, նա էլ
բռնել ու արել է՝ «ասել եք, կանեմ», ավելի ճիշտ՝ Куда я денусь? տրամաբանությամբ։
Ինչ վերաբերում է «ներսը քահանա, դուրսը սատանա» ասացվածքի տրամաբանությամբ
քաղաքական առաջնորդին բնորոշելուն, ապա սա մեզ հիշեցրեց Րաֆֆու «Խաչագողի հիշատակարան»-ի
հետևյալ հատվածը, որտեղ բնորոշվում է ինքը՝ խաչագողը։ «Խաչագողը չափազանց առաձգական է և. դյուրաթեք։ Նա
դեպի ամեն կողմ ծռվում է։ Նա ամեն կաղապարի մեջ մտնում է և ամեն տեսակ ձևեր ընդունում
է, բայց երբեք մի հատկանիշ ձև չի պահպանում։ Նա կատարյալ քամելեոն է: Նա այն առասպելական
էակներից է, որ ամեն մի անգամին մի այլ տեսակ են երևում։ Ցերեկով նա բարեպաշտ, երկյուղած քրիստոնյա է և պատահած
աղքատին ողորմության ձեռք է մեկնում։ Մի տեղ, ամենակեղտոտ գինետան ստորերկրյա նկուղների
մեջ, կառապանների հետ նստած, արբեցոողւթյամբ է անցկացնում, այդ ժամանակ նա մոլի ստահակ
է։ Մի այլ տեղ, ամենափառավոր հյուրանոցում նա խիստ նուրբ ճաշակ ունի կերակուրների և
ըմպելիքների ընտրության մեջ։ Այդ ժամանակ նա բարեկյաց քաղաքացի է։ ․․․․Խաչագողը ամեն
բան ունի, բայց ոչինչ չունի։ Նա նմանում է այն գիշակեր մեծ գազանին, որ խորտակում է
մի ամբողչ ցուլի մեջքը, լերդը ուտում է, արյունը խմում է, իսկ մնացածը թողնում և հեռանում
է։ Այնուհետև օրերով մնում է սոված, երբ ուրիշ որս գտնել չի կարողանում։ Խաչագողը մի
օր կուշտ է, մյուս օր՝ քաղցած։ Մի օր հարուստ է, մյուս օր` աղքատ»:
Մեծն վիպասանի վրձնած այս կերպարը ինչ որ մեկին չհիշեցրե՞ց։ Արդյոք
Նարեկ Կարապետյանը հենց այսպիսի որակներ ունեցող առաջնորդ է կամենում տեսնել ՀՀ ապագա
ղեկավարի պաշտոնում։ Երևի այո։ Ավանսով ցավակցում ենք այն ընտրողներին, ովքեր մտադիր
են ձայն տալ Կարապետյան ընտանիքի կողմից ձևավորվելիք քաղաքական ուժին և ողջախոհության
կոչ անում։
Ե․Ա․