Ամերիկա-ուկրաինական բանակցությունները կարող են հանգեցնել վերջին հինգ տարվա ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու առաջին հեռախոսազրույցին։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով քննարկումների ընթացքին ծանոթ իր աղբյուրին։
Նշվում է, որ Զելենսկու և Պուտինի ուղիղ հեռախոսային բանակցությունները կլինեն «դիվանագիտական հաղթանակ» Թրամփի համար։ Վերջին անգամ երկու երկրների առաջնորդները հեռախոսով խոսել են 2020 թվականի հուլիսի 26-ին։ Այդ ժամանակ նրանք «մանրամասն քննարկել էին ուկրաինական ներքին ճգնաժամի կարգավորման տարբեր ասպեկտներ»։
Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփն ու Զելենսկին հանդիպում են ունեցել Ֆլորիդայում՝ ամերիկյան առաջնորդի Մար-ա-Լագո նստավայրում։ Նրանք քննարկել են ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորումը, ներառյալ՝ առանձին հարցերի շուրջ հնարավոր հանրաքվեի անցկացումը, Զապորոժիեի ԱԷԿ-ի վիճակը, անվտանգության երաշխիքները և Ուկրաինայի տնտեսության վերականգնումը։ Թրամփը հայտարարել է, որ չլուծված են մնում մեկ-երկու բարդ հարցեր, որոնցից մեկը Դոնբասում շփման գծի խնդիրն է։
Զելենսկու հետ հանդիպումից առաջ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը առաջինն էր վերջին 2,5 ամսվա ընթացքում և 9-րդը տարվա սկզբից. այն տևել է 1 ժամ 15 րոպե։ Քննարկվել է ուկրաինական հակամարտությունը։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ նախատեսում է կրկին զանգահարել Պուտինին՝ Զելենսկու հետ բանակցությունների ավարտից հետո։