Զելենսկին նշել է Պուտինի հետ հնարավոր հանդիպման նախապայմանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է Ռուսաստանի առաջնորդի հետ հնարավոր հանդիպման նախապայմանը։ Ըստ ուկրաինական կողմի՝ դրա համար անհրաժեշտ է, որ Պուտինի խոսքերն ու գործողությունները համընկնեն։ Այս մասին գրում է «Բաբել» (Бабель) պարբերականը։


Զելենսկին նշել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, սակայն կարևոր է փաստացի համապատասխանությունը։ Նրա խոսքով՝ այժմ Պուտինը ԱՄՆ նախագահին հավաստիացնում է խաղաղությանը պատրաստ լինելու մասին, բայց միևնույն ժամանակ շարունակում է հարձակումները Ուկրաինայի վրա։


«Ես Թրամփին ասացի, որ մի կողմից նա ԱՄՆ նախագահին ասում է, թե ուզում է ավարտել պատերազմը, իսկ մյուս կողմից՝ լրատվամիջոցներով նրա բոլոր ուղերձներն այն մասին են, որ նա պատրաստ է և ուզում է շարունակել պատերազմը։ Հարվածում է մեզ հրթիռներով, բացահայտ խոսում է այդ մասին, ուրախանում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմամբ, հրամաններ տալիս իր գեներալներին, թե ուր գնալ և ինչ գրավել», — նշել է Զելենսկին։


Ինչ վերաբերում է ապագա պայմանավորվածություններին, ապա Ուկրաինան նախատեսում է նախ հանդիպում անցկացնել պետությունների խորհրդականների մակարդակով։ Այնուհետև ակնկալվում է հանդիպում Եվրոպայի առաջնորդների և «Կամեցողների կոալիցիայի» (Coalition of the Willing) մասնակցությամբ, իսկ հունվարին՝ հանդիպում եվրոպական առաջնորդների և Թրամփի հետ։ Միայն դրանից հետո տեղի կունենա հանդիպում ռուսական կողմի հետ։


«20 կետից բաղկացած պլանի մշակման տեխնիկական խումբը պետք է լինի քառակողմ. փաստաթուղթը պետք է ստորագրեն Ուկրաինան, Եվրոպան, Ամերիկան և Ռուսաստանը», — ընդգծել է Զելենսկին։


20 կետից բաղկացած այս ծրագիրը ցանկանում են դնել հանրաքվեի, քանի որ կարևոր է, որ այն ստանա Ուկրաինայի ժողովրդի աջակցությունը։ Հանրաքվեի անցկացումը պահանջում է առնվազն 60-օրյա լիակատար հրադադար և անվտանգության համապատասխան ենթակառուցվածքների առկայություն, ինչին Ռուսաստանը դեռևս չի համաձայնում։


Կրեմլից հայտնել են, որ Պուտինի և Թրամփի միջև նոր հեռախոսազրույցը տեղի կունենա «մոտ ժամանակներս»։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՌԴ-ն համաձայն է Թրամփի այն գնահատականին, թե Ուկրաինայում խաղաղությունը «զգալիորեն մոտեցել է», սակայն նշել է, որ Պուտինի և Զելենսկու միջև հնարավոր զրույցի հարցը դեռևս չի քննարկվում։